Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրվեն ՌԴ խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ. ԱՀ նախագահը՝ ՊԲ հրամկազմին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին:

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: