Շատ մտահոգ ենք Վերին Լարսում ստեղծված վիճակով, ելքեր ենք մտածում. Վահան Քերոբյան

Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ ենք: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական կողմն ինչ է անում, որ բեռները ժամանակին տեղ հասնեն, մթերքը չփչանա:

Նա տեղեկացրել է, որ հունիսի 11-ին իր ռուս գործընկերոջ հետ կհանդիպեն Լարսում և կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները.

«Ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»

Քերոբյանն ասել է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված վիճակով շատ մտահոգ են և ընդգծեց, որ օրական մի քանի ժամ ինքը, իր գործընկերները զբաղվում են հենց այդ անցակետի հետ կապված հարցերով:

«Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- նշել է Քերոբյանը:

Այդուհանդերձ, Քերոբյանն ասել է, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով: