Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային պետությունը կհատկացնի բնակարաններ. նոր նախագիծ՝ ՊՆ-ից. տեսանյութ

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ, նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնարականային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

«Ի՞նչ ենք ասում մենք այս նախագծով: Ասում ենք՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած արդեն սպային ավարտելու պահին հատկացնում ենք բնակարան: Պետական միջոցներով: Իրենից ոչ մի բան չի պահանջվում այդ բնակարանն ստանալու համար բացի պատշաճ ուսումնառությունը և ռազմաուսումնական հաստատությունը ավարտելը: Ինքն այդ բնակարանը ստանում է և կարող է օգտագործել ինչպես ուզենա՝ բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել», -նախագիծը հստակեցրել է վարչապետը՝ նշելով, որ այդ բնակարանը սպայի սեփականությունը կարող է դառնալ 20 տարի ծառայությունն իրականացնելուց հետո: