Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը քննարկել են առաջիկայում Հայաստանում համատեղ տեխնոպարկ կառուցելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը հանդիպմանը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումների, կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գորդեևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործում է  համագործակցության շուրջ 200 օրենսդրական փաստաթուղթ, որոնք վերաբերում են այս կամ այն ոլորտին:

«Այսօր մենք խոսել ենք, թե ինչպես ընդլայնել այդ համագործակցության ներուժը: Տեսնում ենք, որ ընթացիկ տարում աճում է առևտրաշրջանառությունը, և կա վստահություն, որ առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը կհասնի 3 միլիարդ դոլարի: Բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ կա հնարավորություն մեծացնելու ներդրումները համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Գորդեևը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առանձին քննարկման թեմա է եղել կրթության և գիտության ոլորտի ներուժի օգտագործման հարցը:

«Այստեղ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության ճիշտ շղթաներ: Բացի այդ, մենք  լուրջ քննարկել ենք Հայաստանի և Ռուսաստանի շուկաների արտադրանքի փոխադարձ հավաստագրման հետ կապված հարցերը, որպեսզի մեր արտադրանքներն ընկալվեն որպես հայրենական արտադրություն»,- հավելեց Գորդեևը:

Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումների հետ կապված հարցերը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալի խոսքով՝ ներդրումներ են արվում Հայաստանի տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսը:

«Այսինքն՝ մեր բիզնեսը լրջորեն ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայինք փոխել ներդրումների որակը և ստեղծել համատեղ արտադրություն, որի արտադրանքը կվաճառենք ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև կարտահանենք երրորդ երկրների շուկաներ: Դրա համար շատ հետաքրքրիր և առարկայական քննարկում է տեղի ունեցել: Օրինակ, քննարկել ենք Հայաստանում առաջիկայում կառուցել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկը»,- ընդգծեց Գորդեևը: