«Վահագիս ընկերը զանգեց, ասեց՝ Վահագը չկա, ապահովել ա մեր նահանջը, ասել ա՝ դուք գնացե՛ք, ես կպահեմ»․ մայրն ասում է՝ կյանքը կանգ է առել

«Ամսի 18-ին Վահագիս ընկերը զանգեց, ասեց՝ ձեզ բան ունեմ ասելու, Վահագը չկա, ամսի 13-ին զոհվել ա, ապահովել ա մեր նահանջը, ասել ա՝ դուք գնացե՛ք, ես կպահեմ, ու էլ դուրս չի եկել»,- հուզմունքով պատմում է պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի մայրը՝ Անժելա Բաբայանը։

20-ամյա Վահագն Հովակիմյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Վահագն Հովակիմյանը հակառակորդի դեմ մարտնչել է Մատաղիսում, Ալաշանում, այնուհետև՝ Մարտակերտում։

«Ամսի 10-ից Մարտակերտի 530 բարձունքն են պաշտպանել, հոկտեմբերի 13-ին Վահագը զոհվել ա, ու իրենց պաշտպանած բարձունքը չի հանձնվել»,- նշում է մայրը։

Անժելային որդու զինակից ընկերները պատմել են, որ Վահագնի մոտ միշտ նռնակ է եղել, Վահագնը որոշել էր, որ ոչ մի կերպ գերի չի հանձնվելու․ 

«Ընկերներին ասել է՝ ես ինձ վստահված դիրքը թշնամուն չեմ հանձնի, ինքը դիրքի ավագն էր, ասել ա՝ ինձ վստահված սահմանից մի միլիմետր չեմ նահանջի, ես իմ ծնողների համար եմ կռվում։ 

Այդ գաղափարով էլ ինքն անմահացել է»,- հուզմունքով ասում է մայրը ու նշում, որ որդու մարմինը գտնելիս նռնակի օղակը որդու մատին է եղել։

Անժելան հիշում է, որ որդին հոկտեմբերի 9-ին երեկոյան զանգել, շնորհավորել է քրոջ ծնունդը և ասել, որ երկու օր չի զանգելու․ 

«Ես չգիտեի, որ արդեն պայմանավորվել են, որ արագ զանգում են տուն, գիտեին, որ շատ դժվար տեղ են գնում, էդ տեղը կոչվել ա Մահվան պերեվալներ, էդտեղ գնացողները շատ դժվարությամբ են հետ գալիս»։

Անժելան ասում է՝ հոկտեմբերի 18-ին որդու զոհվելու լուրն ստանալուց հետո սկսել են որդու մարմնի փնտրտուքները, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել, և հավանական տարբերակ էր համարվում, որ Վահագնը գերի է ընկել։

«Դեկտեմբերի 24-ին առաջին մուտքն էր տարածք, Վահագի կասկան գտանք՝ ակուրատնի հանած՝ ոչ թե շպրտած, մենք մտածում էինք՝ որ Վահագը գերի ա։ Դեկտեմբերի 31-ին մի հատ էլ են մտնում տարածք, ասում են՝ Վահագը չկա։ 

Հունվարի 4-ին ամուսինս և ևս 12 հոգի մտնում են, խրամատից վերև ամուսինս ժիլետ ա տեսնում, ասում ա՝ էդ ժիլետն ինձ ձգեց, ման են գալիս ու էլ ոչինչ չեն գտնում»,- պատմում է Անժելան ու ասում՝ Ստեփանակերտ վերադառնալով ամուսինն իմանում է, որ թուրքերը դիերի փոխանակում են կատարել, որոնց մեջ իրենց որդու մարմինն է եղել։ 

Վահագնը ծնողների հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Երեք դի էին տվել թուրքերը, մեկը ճանաչելի՝ ամբողջական, մյուս երկուսը՝ ոսկոր։ Ամբողջական մարմինը Վահագնինն էր»։

Անժելան ասում է՝ կռվի դաշտում որդին շատ խիզախ է եղել, մարտնչել է անվախորեն ու մինչև վերջին շունչը։ «Հրամանատարը տեսանյութ ա ցույց տալիս Մատաղիսից, ասում ա՝ մինամյոտը պիտի թաքստոցում լինի, իսկ ձեր որդին դրել ա բարձունքի վրա, երկու կողմից իրա վրա աշխատում են, ու ինքը ոչնչացրել ա մեծ խումբ։ 

Մեկ ուրիշ հրամանատար պատմում ա՝ զենքը ձեռքից չէին կարում վերցնեին։ Ասում ա՝ ասում էինք՝ Վահա՛գ, հերի՛ք ա, Վահագն ասում էր՝ չէ՛, սպասե՛ք, մի քիչ էլ աջ կա, մի քիչ ձախ էլ կա։ Ե՛վ ազարտով կռվում էր, և՛ զգոն էր»։

Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Վահագնը բարի էր, ընկերասեր, տարերքը մեքենա վարելն էր ու մարդկանց օգնելը՝ ասում է մայրը։ «Ընկերները պատմում են, որ տուլիկը ստանում էր, փոքր արկղը էնպես էր բաժանում, որ ամբողջ դիվիզիոնին հասներ։ Ինքն ամեն ինչ կտար բոլորին, բայց փոխարենը ոչինչ չէր պահանջի, անչափ կամեցող էր»։

Մինչև բանակ գնալը Վահագնն ընդունվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին։ 

Վահագնը ունեցել է նաև սիրած աղջիկ։ Մայրը ցավով ասում է՝ որդու սիրած աղջկա ծնողների հետ հենց գերեզմանում է ծանոթացել։ 

Որդու զոհվելուց հետո Հովակիմյանների կյանքը գլխիվայր շրջվել է։ 

«Մեր կյանքը կանգ է առել։ Մենք ապրում ենք իրեն երկնային կյանքում ապրեցնելով, հիշելով, ինձ ուժ ա տալիս իր հետ կապված մեծարման միջոցառումներ անելը, այլապես ես չեմ կարա ապրեմ»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am