Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան

Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան
Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան

«Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը»:

 «Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»,-  այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ կոնվենցիայի վավերացման գործընթացին զուգահեռ կարևոր է հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի ընտանեկան և կանանց նկատմամբ բռնությունների ամբողջական պատկերին, ինչը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից:

Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ն Հայաստանում մեկնարկում է 2.5 տարի տևողությամբ նոր ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելում և պայքար դրա դեմ»: ԵԽ պաշտոնյան նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորագույն գործընկեր է այս ծրագրի իրականացման ընթացքում, քանի որ կոչված է պաշտպանելու խոցելի խմբերի շահերը.

«Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցելու ենք Ձեր կառույցի հետ, քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին մարդու իրավունքներին Ձեր անխախտ նվիրվածությունը և Ձեր անձնական խիզախությունը, ինչը առանցքային նշանակություն ունի պետության հոգածության կարիքն ունեցող անձանց պաշտպանության և աջակցության հարցում»,- ասել է Ն. Վուտովան:

Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման հուսալի և գործուն մեխանիզմների ստեղծումն է: Ծրագրի իրականացման հիմքում լինելու է Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից:

Նշենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թ. մայիսի 11-ին Ստամբուլում: Այն ուժի մեջ է մտել 2014թ.-ին և այժմ արդեն վավերացվել է ԵԽ 28 անդամների կողմից, Հայաստանի հետ միասին ստորագրվել է 17 անդամ երկրի կողմից։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղոդագրությունը։