Սերժ Սարգսյանը մոռացել է, որ իշխանության է եկել արյան վրա՝ Մարտի 1-ից հետո կեղծված ընտրությունների արդյունքում. Արման Բաբաջանյանի հիշեցումները

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, արձագանքելով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՍՍ-ն մոռացել է՝ ինչպես է անձամբ թույլ տվել, որ 2008թ․ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի և հավաքականի մարզաշապիկի վրա զինանշանից Արարատ լեռան պատկերը հանվի թուրքերին հաճոյանալու համար։

ՍՍ-ն մոռացել է, որ անձամբ համաձայնել է ստորագրել հայ-թուրքական այնպիսի արձանագրության տակ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ըստ արձանագրության այդ հարցը պետք է վճռեին հայ և թուրք պատմաբաններից կազմված պատմաբանները։

ՍՍ-ն անձամբ է համաձայնել ԼՂ կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևակերպված Կազանյան, ապա փոփոխված Լավրովյան պլանին, որը ենթադրում էր Արցախի շուրջ 5, ապա 2 շրջանների հանձնում Բաքվին՝ առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական լուծման։

ՍՍ-ն մոռացել է, որ 2013-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց և արևմուտքից դրական գնահատականից հետո Հայաստանի անվտանգության հավելյալ ապահովման միջոցները ներդնելու պատրվակով մեր երկիրը հրաժարվեց իր զարգացման կարևոր ուղղությունից՝ ԵՄ-ի հետ ասոցացման հնարավորությունից։

ՍՍ-ն մոռացել է իր պաշտոնավարման ժամանակ Ավետիսյանների ողջ գերդաստանի սպանությունը, Էլեկտրիկ Երևանը, գազային խայտառակ պայմաններով պայմանագրի կնքումը, Սասնա ծռերի ապստամբությունը, 2014թ․ լարումները, 2016-ի ապրիլյան պատերազմը և այլն։

ՍՍ-ն չի հիշում, որ 2016-ին ինքը ոչ միայն հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը, այլև նույն թվականին մերժել է Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել։

ՍՍ-ն մոռացել է, որ իշխանության է եկել արյան վրա՝ Մարտի 1-ից հետո կեղծված ընտրությունների արդյունքում, որից հետո բոլոր համապետական ընտրությունները՝ 2012-ին, 2013-ին, սահմանադրական հանրաքվեն 2015-ին և ԱԺ ընտրությունները՝ 2017-ին, անցկացվել են բռնություններով, ապօրինություններով, 2013-ին թեկնածուներից մեկի սպանության փորձով և այլն։

Իհարկե ՍՍ-ն չէր կարող կանխատեսել հեղափոխությունը, բայց հեղափոխություն թույլ չտալու համար այդ անձը ոչինչ չի արել»: