«Տարբեր թաղային հեղինակություններ կրկին ազդեցություն կունենան որոշումների կայացման վրա». Դանիել Իոաննիսյան

«Տարբեր թաղային հեղինակություններ կրկին ազդեցություն կունենան որոշումների կայացման վրա». Դանիել Իոաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

– Պարո՛ն Իոաննիսյան, արդեն երկրորդ անգամ Ազգային ժողովում չընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Դուք ֆեյսբուքյան գրառմամբ նաև վարչապետին եք մեղադրել ստեղծված իրավիճակի համար: Ի՞նչ է իրականում կատարվում:

– Ըստ էության, հետևյալն է կատարվում. այն ուժերը, որոնք շահագրգռված չեն, որ Հայաստանում զարգանա քաղաքական մշակույթը, որ Հայաստանում ընտրություններն անցնեն քաղաքական մթնոլորտում, լինի քաղաքական մրցակցություն, որ գալիք խորհրդարանը լինի քաղաքական մարմին, ոչ թե առևտրի տեղ, այդ ուժերը հասան հաջողության և տապալեցին օրենսգրքի փոփոխությունը:

Եվ դա տեղի ունեցավ այն ամենի հետևանքով, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, լինելով հեղափոխության չորս հանգուցային քայլերից մեկը, վերջին շաբաթների կամ վերջին երկու ամիսների ընթացքում պատշաճ տեղ չեն գտել վարչապետի առաջնահերթություններում: Դա երևաց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ «Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումից հետո, երբ Փաշինյանը լրագրողների հարցերին էր պատասխանում: Դա երևում էր վերջին չորեքշաբթի օրը Ազգային ժողովում վարչապետի հայտարարություններում:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռություն չցուցաբերեց, մինչև վերջ չպնդեց, որ օրենսգրքի նախագիծը հաստատվեր:

– Ես դժվարանում եմ ասել, բայց միաժամանակ չեմ կարող պնդել, որ կառավարությունը չէր ուզում, որ օրենսգիրքն ընդունվեր: Ես վստահ եմ, որ կառավարությունն ուզում էր, բայց պատշաճ հետևողականություն չեղավ: Այսպես ասած՝ առաջնահերթությունների թվում չէր նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը:

– Փաստացի ստացվում է, որ ընտրությունների պետք է գնալ հին Ընտրական օրենսգրքով: Դա ի՞նչ է նշանակում, հին մեթոդները նորի՞ց կկիրառվեն:

– Հին օրենսգրքով ընտրություններին գնալ նշանակում է բարձր անցողիկ շեմով, բարձր ընտրագրավով ընտրության գնալ: Այդ դեպքում կերաշխավորվի ընդամենը երեք ուժերի մուտքը խորհրդարան, կշարունակի գործել ռեյտինգային ընտրակարգը, որի արդյունքում տարբեր թաղային հեղինակություններ կրկին ազդեցություն կունենան որոշումների կայացման վրա:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք պնդել, որ թաղային հեղինակությունները կրկին կակտիվանան ու հին մեթոդները գործի կդնե՞ն:

– Իհարկե նրանք էլի որոշակի ազդեցություն կունենան պետության որոշումների կայացման վրա: Բացի այդ, նախընտրական քարոզչության այն բոլոր լավ հնարավորությունները, որոնք նոր օրենսգրքի նախագծով էին սահմանված, չեն լինելու:

– Նախորդ ընտրությունների կրկնության ռիսկ կա՞, օրինակ՝ նույն ընտրակաշառքը կարո՞ղ է դերակատարություն ունենալ ընտրական գործընթացում:

– Ամեն դեպքում Քրեական օրենսգիրքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը բարեփոխված են, և օրինականության պահպանում տեղի ունենալու է:

– Հին օրենսգրքով ընտրությունների գնալը կարո՞ղ ենք ժողովրդավարությունից հետքայլ անվանել:

– Կարող ենք ասել, որ առաջընթաց չի լինելու կամ առաջընթացը լինելու է ավելի քիչ, քան ակնկալվում էր:

– Առաջիկա անելիքները որո՛նք են լինելու, հնարավո՞ր է քննարկեք կառավարության հետ, որ առաջիկայում ևս մեկ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, երրորդ անգամ փորձեն քվեարկության դնել ԸՕ նախագիծը:

– Վե՛րջ, այլևս հնարավորություն չկա: Ընտրական գործընթացը սկսվում է, ժամկետների առումով հնարավոր չէ, ինչի՞ մասին է խոսքը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am