Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման

Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման
Հայաստանի կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման

Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե նախարարությունն իր հաշվեկշռում քանի մեքենա ունի և արդյոք պլանավորում է անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործման՝ բնապահպանական նպատակով:

«Մենք միացել ենք Global electric mobility գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո: Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 հազար դոլարի կարգի: Ներկայացրել ենք  ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և ծրագրով առաջարկում ենք, որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների: Ծրագրի նախնական փաստաթուղթն  ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այդ ծրագիրը կֆինանսավորի »,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ եթե ընթացակարգերը պահպանվեն, այս տարվա վերջին բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ: Եվ դա կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Գրիգորյանը նկատեց, որ էլեկտրամոբիլների զարգացումը շատ արագ տեմպերով է ընթանում: