ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այն շրջանում, երբ ձևավորվել են բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի հաստատման համար, մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,-ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստում:

Ադրբեջանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։