ՆԳՆ ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու. պաշտպան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ  Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև սա ամենալայնածավալ վերակազմակերպումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնել կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը:

«Ներքին անվտանգության հարցերը որևէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ու, թերևս, հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրը ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ ներքին գործերի նախարարության ձևավորման համար: Գործնականում կառուցվածքը պլանավորելիս` մենք շատ հարցեր ավելի սուր ենք զգալու, քան հինգ տարի առաջ»,-ասաց նա`հավելելով, ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ, պետք է պաշտպանի հանրությանը:

«Երբ խոսում ենք այն մասին, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որը պետք է օրենքի կիրառման միջոցով ծառայի ու պաշտպանի հանրությանը, չպետք է մոռանալ, որ ամբողջ աշխարհում ոստիկանությունը հասարակության հետ ամենաինտենսիվ շփվող իրավապահ մարմինն է և այդ առումով ավելի խոցելի է սոցիալական մեդիայի քարկոծման տեսակետից: Ոստիկանությունը պետք է ստանա պատշաճ կրթություն, հրահանգավորում, առաջնորդվի օրենքներով ու կանոններով, պետք է ունենա մասնագիտական շարունակական պիտանի կրթության հնարավորություն»,-նշեց նա` հավելելով, որ ոստիկանության կառուցվածքային վերանայման տրամաբանության մեջ պահը պետք է օգտագործվի ժամանակակից մարտահրավերները սպասարկող ճգնաժամային իրավիճակներում բարձր մակարդակի ադապտացիա ապահովող և դինամիկ կառուցվածք ունենալու համար: