Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել.ՌԴ ՊՆ.Factor

Մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ տեղադրել: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Փառուխ բնակավայրի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումների ուղղությամբ «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով չորս հարված է հասցվել:

Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է։

Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։