«Ինքը շատ էր սիրում հայրենիքը, ասեց՝ պատռեք դակումենտներս, ես Ռուսաստանում չեմ մնա». Գևորգ Քառյանը զոհվել է Ջրականի թեժ մարտերում

«Մեր ուրախ ընտանիքը կործանվեց, ո՞նց կարա ծնողը իրա բալին դնի հողը ու լուսացնի։ Առավոտից երեկո իր անունն եմ գոռում, մղկտում, ասում՝ Գև, խնդրում եմ՝ գոնե երազիս արի»,- արցունքների միջից ասում է 45-ամյա Լաուրա Մոսինյանը, որը որդուն կորցրել է պատերազմի ժամանակ։

Լաուրան ընտանիքով տարիներ առաջ Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվել, սակայն որդին՝ Գևորգ Քառյանը, որոշել էր, որ վերադառնալու է և հայրենիքում ծառայի։

«Ինքը շատ էր սիրում հայրենիքը, ասեց՝ պատռե՛ք դակումենտներս, ես Ռուսաստանում չեմ մնա, ես պետք ա լինեմ իմ հողում, իմ ընկերների կողքին։

Ես պիտի իմ հայրենիքին իմ պարտքը տամ, ինչպես ցանկացած տղամարդ։ Անունով էր 18 տարեկան, բայց կայացած, ամուր կանգնած իրա ոտքերին, ձիգ տղամարդ»,- հուզմունքով պատմում է Գևորգի մայրը։

Գևորգը հայրենիք վերադառնալիս ծառայության է մեկնել Կապան։ Ջրականում մասնակցել է զորավարժությունների, 2020-ի սեպտեմբերին Ջրականում երկրորդ զորավարժություններն էին անցկացվում, երբ սկսվեց պատերազմը։

Գևորգը եղել է առաջնագծում, թեժ կետերում պայքար մղել հակառակորդի դեմ, սակայն ծնողներին ասել է՝ որ շատ հեռու է մարտի դաշտից, որ իր համար չանհանգստանան։

«Ուրիշ համարով էր զանգել, ասեցի՝ բալե՛ս, բա քո հեռախոսն ո՞ւր ա։ Ասեց՝ հեռախոսը պահած ա, որ արբանյակով մեր տեղը չտեսնեն։

Հետո ենք իմացել, որ առաջին պայթյունը հենց իրանց մոտ ա եղել, ու հեռախոսն արկղի մեջ պայթել ա, անգամ էդ չի ասել»,- ասում է Լաուրան։

Մայրն ասում է՝ ամբողջ օրերը տագնապով լուրերին էին հետևում, ամուսինը չէր կարողանում աշխատանքի գնալ, աղջիկը՝ դասի, սակայն տղան զանգում ու ասում էր՝ լուրերին մի՛ հավատացեք, ամեն ինչ նորմալ է: 

«Ասում էր՝ ինչի՞ չեք գնացել գործի, դասի, ասում էինք՝ ահավոր ա, լրատվականի առաջ նստած ենք, ասում էր՝ մյուս անգամ զանգեմ՝ պուճուրը (քրոջն էդպես էր ասում) դասի լինի, պապան՝ գործի։

Ասում էի՝ Գև՛, պապան ուզում ա գա, ասում էր՝ հանկարծ չգա, ես ստեղ եմ, հերի՞ք չի, ես առաջնագիծ եմ գնալու, եթե եկավ… Էդպես մի երկու բառ թռուցիկ ասել ա, նոր եմ հասկանում՝ ինչ բառեր ա օգտագործել։ Հորն էր խնայում, բայց մեզ միշտ ասել ա՝ ինքը կռվի դաշտից հեռու ա։ Ինքը շատ ծնողասեր էր, մեզ համար դողում էր, նույն ձև՝ իրա հայրենիքին»։

Գևորգ Քառյանը ջոկատի տղաների հետ միասին մեծ հարվածներ է հասցրել հակառակորդին, խոցել է տանկերի 3 շարասյուն, 20 րոպում 40 արկ արձակել։

Մայրն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին։ Պատմում է՝ որդուն բանակ ուղարկելուց հետո չէր տեսել, կորոնավիրուսով պայմանավորված՝ արձակուրդ էլ չէին տրամադրել, և կարոտը խեղդում էր։ 

Լացակումած հոկտեմբերի 8-ին խոսել է որդու հետ․ «Ասեցի՝ կարոտից խելագարվում եմ, ամուսինս ասեց՝ էլ չեմ կարում մամայիդ պահեմ, պիտի ուղարկեմ: Գևս ջղայնացած ասեց՝ տնաշեննե՛ր, ձեր նվնվոցին մտիկ արեք, հերոս տղա ունեք, ուրախացեք, ի՞նչ եք նվնվում։

Ասեցի՝ Գև՛, մաման քեզ շատ ա սիրում, ինքն էդ բառից կանգ առավ, ասեց՝ ցավդ տանեմ, ես էլ՝ քեզ… էդ ա եղել մեր վերջին զրույցը»,- Լաուրան արտասվելով վերհիշում է որդու հետ վերջին զրույցը։

Լաուրան որդու՝ Գևորգի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Քառյանները հոկտեմբերի 8-ից հետո այլևս որդուց զանգ չեն ստանում, Լաուրան ասում է՝ սկսել էր կանխազգալ, որ ինչ-որ բան է կատարվելու։ Եկեղեցի էր գնում, աղոթում, անընդհատ հեռախոսին հետևում ու սպասում որդու զանգին։ 

«Ամսի 8-ին որ խոսեցինք, անջատեցի հեռախոսը, ասեցի՝ վա՜յ, երանի Գևս էլի զանգի, որ էլի զանգի, երեխես կփրկվի… Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, ինչ ներքին զգացողություն էր, հեռախոսս անընդհատ աչքիս առաջ, ասում էի՝ զանգի՛, Գև՛ ջան, զանգես՝ կփրկվես»,- կսկիծով ասում է 45-ամյա կինը։

Ծնողները որդու հետ կապ չհաստատելով՝ սկսում են ունեցած բոլոր հեռախոսահամարներով զանգել, սակայն բոլոր համարներն անհասանելի են լինում։ Ավելի ուշ զոհված զինծառայողների անունների ցուցակում տեսնում են իրենց որդու անուն, ազգանունը։

«Ամուսինս առաջինը տեսավ, հետո՝ աղջիկս։ Չգիտեմ՝ ինչ կատարվեց էդ պահին։ Շոկ էր, խելագարություն, երկրագունդը պայթեց։ Գլխիվայր շուռ եկանք լրիվ։ Մենք անմիջապես Ռուսաստանից եկանք Հայաստան, եկանք էս բոթի բերան»,- պատմում է որդեկորույս մայրը։

Գևորգը պարտաճանաչ էր, բարի, հումորով, որտեղ լիներ՝ խինդ ու ծիծաղը կար, շատ ուշադիր ու հոգատար էր՝ այսպես է մայրը նկարագրում որդուն։

«Էնքան քաղցրալեզու էր, զանգում, ասում էր՝ գանձեր, անուններ չէր տալիս, կյանքիդ մեռնեմ, ցավդ տանեմ, ասում էի՝ մենք քո ցավը տանենք։

Էնքան կայացած էր, որ խորհուրդ էին ուզում, իրանից էինք խորհուրդ հարցնում։ Շատ հոգատար էր, թե հանկարծ ձայնս էն չէր լինում, ասում էր՝ մա՞մ, գլո՞ւխդ  ա ցավում, ի՞նչ ա եղել։ Որ հանկարծ կարոտից ձայնս փոխվում էր, ասում էր՝ մա՛մ, լավ, էլի, ձայնդ մի՛ փոխի, ցավդ տանեմ։ Ասում էր՝ ես չեմ ուզում, որ դու լացես, բայց հիմա լացս չի կտրվում․․․»- արտասվելով պատմում է մայրը։

Գևորը շատ սիրում էր սպորտը, փոքր հասակից ըմբշամարտի էր գնացել, Ռուսաստանում ավտոդիագնոստիկա էր սովորել, այնուհետև կիսատ թողել ու քրոջ հետ պլաններ կազմել, որ միասին ատամնաբույժ են դառնալու ու իրենց կլինիկան բացեն։

Գևորգի զոհվելուց հետո Լաուրան ասում է՝ իրենց ընտանիքի բոլոր նպատակներն ու պլանները անկատար մնացին։

«Մենք արդեն եկանք Հայաստան, էլ էնտեղ անելիք չունենք, տղես ստեղ ա»։

Մայրն ասում է՝ որդին հետաքրքիր նախասիրություններ ուներ, ամենուրեք իր անվան ու ազգանվան սկզբնատառերն էր փորագրում՝ դպրոցում բոլոր նստարանների ու աթոռների վրա, ռետինների ու քանոնների վրա։ «Հասուն տարիքում էլ վերցրեց գոտին, ժամացույցը Գ․ Ք.-ով, օծանելիքն էլ ֆրանսիական՝ Գ․ Ք․, դրանից էն կողմ ոչ մի բան չէր օգտագործում, իրա մոտ սիմվոլ էր, մենք էլ իրա շիրմաքարին ենք գրել՝ Գ․ Ք․»,- պատմում է ու հուզվում մայրը։

Այնուհետև ընդգծում է՝ որդին չափից շատ հայրենասեր էր, Ռուսաստան էր իր հետ տարել Հայաստանից դրոշ ու մեքենայի վրա էր փակցնում․ «Ասում էր՝ ուզում եմ, որ բոլորը տեսնեն՝ ես հայ եմ, ինքը շատ հպարտ էր, որ հայ էր»։

Լաուրան պատմում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Գևորգը 8-րդ դասարանում էր, պատերազմի լուրն իմանալով՝ հավաքել էր դպրոցահասակ ընկերներին, գնացել զինկոմիսարիատ և խնդրել, որ իրենց էլ հերթագրեն, որ պատերազմի մասնակցեն․ «Էնտեղ ասել են՝ ձեր տարիքը չի, ասել են՝ մենք կարող ենք իրանց ավտոմատները լիցքավորենք, զինվորական պատրաստություն ենք անցել, պատասխանել են՝ ձեր ժամանակը կգա՝ կգնաք»։

Գևորգ Քառյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Հովհաննես Թումանյան» մեդալով։

Զինվորական երդման արարողության ժամանակ Գևորգի հայրը ստացել է շնորհակալագիր հայրենիքի իսկական պաշտպան մեծացնելու համար

Կապանի զորամասում Գևորգի և զինակից ընկերների անունով հունվարի 28-ին տեղադրվել է խաչքար։

«Իրա զոհվելուց հետո հրամանատարությունը եկավ մեզ մոտ, ասեցին՝ հրաշք էր, մի հատ Քառյան էր, կայացած, մեզանից էլ ա գնացել, մենակ ձեզանից չի գնացել»,- հուզմունքով ասում է Լաուրան ու նշում, որ եթե չարաբաստիկ պատերազմը չլիներ, որդին մեկ ամսից՝ դեկտեմբերի 25-ին, պետք է տուն գար։

«Աստված մեզնից երես թեքեց, Գևորգ ասելով՝ մղկտում ենք, մրմռում։ Էն ժամանակ իմաստ կար ապրելու, ամեն ինչ կապում էինք Գևորգի հետ, նպատակով ապրում էինք, հիմա ուղղակի լուսացնում ենք»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am