Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համընդհանուր առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան:

Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ ընդգծելով, որ Մոսկվան միտված է արդյունքի հասնելուն:

«Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Հակառակը՝ մենք պատմում ենք, թե ինչ է հաջողվել անել: Ուշադրության տակ պահելով  խաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելու հանգամանքը՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: