Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալը ցանկանում է որպես բողոքի նշան իր պարտքը պետությանը վճարել մանրադրամներով

Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալը ցանկանում է որպես բողոքի նշան իր պարտքը պետությանը վճարել մանրադրամներով
Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալը ցանկանում է որպես բողոքի նշան իր պարտքը պետությանը վճարել մանրադրամներով

Խղճի նախկին գերի Գիաս Իբրահիմովը Ֆեյսբուքում մանրադրամի հավաքագրման արշավ է սկսել։ Այն պետք է Գիասին, որպեսզի պետությանը 73 մանաթ (մոտ $43) վճարի։ Այդ գումարը նա պարտք է մնացել երեք տարի առաջ դատական փորձաքննության համար, երբ նրան մեղադրել էին թմրանյութերի վաճառքի համար։ Մի խուրձ մանրադրամով պարտքը վերադարձնելով՝ Գիասը ցանկանում է իր վերաբերմունքն արտահայտել կառավարության նկատմամբ և նրա համար հոգս ստեղծել։

Ո՞վ է Գիաս Իբրահիմովն ու ի՞նչ պարտքի մասին է խոսքը

2016 թ-ին Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին տասը տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ երիտասարդների տանն ավելի քան մեկ կիլոգրամ հերոին էր հայտնաբերվել։

Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի կալանքի մանրամասները

Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց խղճի գերի էր ճանաչել։ Ադրբեջանում նրանց «հուշարձանի գերի» են ասում։

2019թ-ի մարտի 16-ին Գիասն ու Բայրամն ազատ էին արձակվել 399 մարդու ներման շրջանակում, որոնց թվում էր 50 քաղբանտարկյալ։

Իսկ ապրիլի 23-ին Գիասը ստացել էր դատարանի վճիռն այն մասին, որ պարտավոր է պետությանը փոխհատուցել այն նույն հերոինի փորձաքննության ծախսերը, որի պատճառով երեք տարի առաջ նա բանտում էր հայտնվել։ Հակառակ դեպքում Գիասին գույքի կալանք է սպառնում։

Ակցիայի մանրամասները
Այդ իրավիճակը Գիասը որոշել է վերածել «գաղափարախոսական գործիքի»։ Այսպես է նա գրել ֆեյսբուքյան իր էջում  և բոլոր ցանկացողներին առաջարկել իրեն փոխանցել տանը մի տեղ գցած 5 գյափիկ [մոտ 3 ցենտ]։

«Եկեք կառավարության համար, որը մի կոպեկի արժեք չունի, մի փոքր հոգս ստեղծենք»,– գրել է Գիասը։ Նա ընդգծել է, որ իրեն պետք են հենց 5 գյափիկ արժողութմաբ մանրադրամներ, քանի որ ակցիայի նպատակներից մեկը դրանում որքան հնարավոր է շատ մարդ ներգրավելն է։ Ակտիվիստը հաշվել է, որ անհրաժեշտ գումար հավաքագրելու համար իր ներդրումը պետք է ունենա 1460 մարդ։

Գիասի ֆեյսբուքյան ընկերները հավանել են ակցիան, և արդեն 100 մարդ է համաձայնել միանալ դրան։

2017թ-ին նման ակցիա էր անցկացրել տեսաբլոգեր Մեհման Հուսեյնովը։ Նրան մեղադրել էին ոստիկանությանը դիմադրելու համար և տուգանել 200 մանաթով։ Այդ տուգանքը Մեհմանը վճարել էր մանրադրամներով, որոնք սոցցանցերի միջոցով էր հավաքել։

Աղբյուրը՝ JAMNEWS