«Հենց հոկտեմբերի 31-ին էլ զանգեց, ասեց՝ մա՛մ, լավ ա, չմտածեք»․ Կարենը զոհվել է ռումբի հարվածից

46-ամյա Մարինե Ռևազյանի մտքով երբեք չէր անցնում, որ որդուն կկորցնի պատերազմի ժամանակ։ «Լուրն իմացանք, գժվեցինք, չէինք հավատում»,- հուզմունքով ասում է մայրը։

Մարինեն ասում է՝ որդին՝ Կարենը, ընտանիքի բոլոր անդամների հետ շատ կապված էր, որդու կորուստը ծանր էր ճանաչողների համար, Կարենը նաև ընկերուհի ուներ, որը ևս չէր հավատում, որ սիրելին զոհվել է․ «Ասում էր՝ Կարս ասել ա՝ գալու եմ, ուրեմն գալու ա»։

19-ամյա Կարեն Մելիքսեթյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Հադրութում։ Պատերազմն սկսվելուն պես Կարենը առաջնագծում է եղել, 33 օր Հադրութում թեժ պայքար մղելուց հետո տեղափոխվել է Մարտունի 2։

«3 օր մնացել ա էդտեղ, հոկտեմբերի 31-ին հրաման են ստացել պալիգոն գնալու։ Սկզբում իրանց հրամանատարն ա գնացել, մինչև երեխեքը հասել են, իրանց աչքի առաջ էդ մեքենան, որի մեջ հրամանատարն է եղել, ԱԹՍ-ն տրաքացրել ա»,- ասում է մայրը ու նշում, որ տղաները առանց հրամանատարի են մնացել, նահանջել են, ճանապարհին շենք է եղել, մտել են այդ շենքի մեջ, այդ ժամանակ ռումբ է ընկել շենքի վրա, տղաները մնացել են փլատակների տակ։

«Պանելն ընկել ա Կարենիս վրա, ու զոհվել ա։ Տղերքից մի երկուսը վիրավորվել են»,- հուզմունքով ասում է մայրը։

Մելիքսեթյանները դեպքի մասին իմացել են նոյեմբերի 1-ին։ Մարինեն հիշում է, որ սկզբում Ֆեյսբուքում է կարդացել, որ որդին զոհվել է, հետո որդու մարտական ընկերներն են եկել ու պատմել դեպքի մանրամասները:

Մայրը սրտի ցավով ասում է՝ անակնկալի են եկել այդ լուրից, քանի որ որդին միշտ զանգել է, ուրախ-զվարթ ասել՝ ամեն ինչ ցենտր ա։ «Հենց էդ օրը՝ հոկտեմբերի 31-ին էլ զանգեց, ասեց՝ մա՛մ, լավ ա, չմտածեք, ստեղ մեզ իջացրել են, հեռախոսները չենք կարում լիցքավորենք։ Եթե չզանգեմ, իմացի, որ հեռախոսս զարյադկա չունի»,- հիշում է մայրն ու հուզմունքով ասում, որ զանգ որդու կողմից այդպես էլ չստացավ։

Կարեն նպատակ ուներ խոհարար դառնալ, միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Դիլիջանի պետական քոլեջի խոհարարական բաժնում։

«Ինքը միշտ ասում էր՝ վերադառնամ, շարունակելու եմ, շատ էր ուզում խոհարար դառնալ։ Որ դիրքերում են եղել, տղերքին ասել է՝ գնամ, Դիլիջան բիստրո եմ բացելու, ու կգաք էդտեղ բոլորով քեֆ կանենք»։

Մայրն ասում է՝ որդին բարի էր, համեստ, ընկերասեր, բոլորին հասնող։ Ուրախ թե՛ կյանքում և թե՛ կռվի դաշտում․ «Ընկերներն ասում էին՝ ոչ մի անգամ թևաթափ չի եղել, միշտ ժպիտը դեմքին էր»։

Մայրն ասում է՝ հիմա ապրում են որդու մասին հիշողություններով ու գերեզմանին այցելելով։ Նշում է՝ որդու տեղը որևէ մեկը չի կարող լրացնել, ցավը ևս սփոփանք չունի։ «Շատ դժվար է, շատ ենք կարոտում»,- ասում է մայրը ու կրկին հուզվում։

Կարեն Մելիքսեթյանը ընտանիքի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Կարեն Մելիքսեթյանին հուղարկավորել են Դիլիջանի պանթեոնում։

Նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am