էներգետիկ համակարգում ու հատկապես ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացներն ավելի շատ էմոցիոնալ ֆոն ապահովելու համար են. Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն օրերս սոցցանցի էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ընկերության էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում: Ինչպե՞ս եք գնահատում այս գրառումն ընդհանուր առմամբ, ու, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այն:

– Բարդ հարց է. այն, որ ՀԷՑ-ում կային բազմաթիվ խնդիրներ, մեզ համար նորություն չէր, ավելին ասեմ՝ կա ժամանակացույց, որով ՀԷՑ-ը պարտավորություն է ստանձնել ներդրումներ կատարել: Այսինքն՝ այնպես չէ, որ մենք չգիտենք, որ ՀԷՑ-ում խնդիրներ կան, որ կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք պետք է մեկնարկեն, հետո ավարտվեն: 

Հիմա անընդհատ կարելի է խոսել այն խնդիրների մասին, որոնք ՀԷՑ-ում կան, կարելի է հասարակության ականջներին շատ հաճո խոսքեր անընդհատ ասել, բայց ես հիմա անգամ գնահատական չեմ կարող տալ, թե այն աշխատանքը, որի մասին խոսվում է, որն արվելու է, առաջնայի՞ն է, թե՞ երկրորդային, որովհետև ես ՀԷՑ-ի կառավարման մարմնի անդամ չեմ ու ներդրումներով պայմանավորված առաջնահերթությունները չգիտեմ: 

Հիմա, այն, ինչն ասվում է, որ պետք է արվի, արժի որ արվի, բայց դա արդյոք առաջնահե՞րթ խնդիր էր․ այս հարցի պատասխանը ես չունեմ: Օրինակ բերեմ, որ ավելի պատկերավոր լինի. պատկերացրեք սոված, ծարավ,  վատ հագնված մարդ ձմռանը, ասում ենք՝ որոշել ենք այս մարդու համար մի լավ, թանկարժեք գլխարկ գնել, ոչ մեկը չի ասի, չէ՞, թե ինչու ես գլխարկ գնում։ Դե, ձմեռ է, գլխարկն էլ է լավ բան, պետք է, բայց եթե մենք իմանանք, որ գնում է գլխարկ այն դեպքում, երբ այդ մարդու հացի, ջրի, հագուստի խնդիրը լուծված չէ, կասենք՝ եղբա՛յր, այդ թանկ գլխարկի գումարով ավելի լավ չէ՞ր էդ երեքն անեիր: 

Այս օրինակն ինչի՞ համար եմ բերում, որովհետև քանի մենք չգիտենք՝ ինչ իրական պատկեր է, քանի չգիտենք զարգացման հայեցակարգը, ներդրումների հաջորդականությունը ու այն տրամաբանությունը, որը դրված է դրա մեջ, չենք կարող հստակ գնահատել: 

Մենք պետք է հասկանանք, որ հիմա էներգետիկ համակարգում ու հատկապես ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացներն ավելի շատ էմոցիոնալ ֆոն ապահովելու համար են, որովհետև մեր էներգետիկ համակարգն ունի լուրջ ֆունդամենտալ խնդիրներ: Գործադիրը պետք է սկսեր ոչ թե ՀԷՑ-ից, այլ՝ էներգետիկ համակարգի քաղաքականությունից: 

– Երբ գրառման մեջ նշվում է, որ «ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության»…

– Ներողություն, էլի, ինչի՞ց է ակնհայտ, դուք ուզում եք՝ ես մեկնաբանեմ պնդում, որի տակ հիմք դրված չէ:

– Չէ՛, պարո՛ն Պիպոյան, հարցս այն է, որ եթե սա տարիների չարած աշխատանքի հետևանք է, ապա ինչո՞ւ այս մասին չի հայտարարվել ավելի վաղ, առնվազն յոթ տարի է՝ այս իշխանությունն է երկիրը կառավարում:

– Հիմա մի փոքր փիլիսոփայական դիտարկում կանեմ, բայց իրականում դա այնքան էլ փիլիսոփայական չէ, որքան կթվա առաջին հայացքից. իշխանությունն ունի ճյուղեր՝ գործադիր, օրենսդիր, դատական, սահմանադրական մարմիններ, որոնք ձևավորվում են Ազգային ժողովի միջոցով: Իշխանությունը չի հասկացել մեկ պարզ բան․ որքան էլ գործադիր իշխանության ղեկավարը ուզում է լինել իշխող քաղաքական ուժի ղեկավար, իրենք կուսակցության ներսում, որ ժողովներ են անում, դրանից հետո ԱԺ-ն իր գործն անի, գործադիրը՝ իրենը, այլ ոչ թե ամեն տեղ լինի Կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժի ղեկավարը: 

Ինչու եմ այս օրինակը բերում, որովհետև գոյություն ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը հաշվետու է խորհրդարանին, որի նախագահին ու խորհրդի անդամներին ընտրում է ԱԺ-ն: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն պետական կառույցն է, որը պետք է աշխատեցներ ՀԷՑ-ը: 

Երբ փակում էին էներգետիկայի նախարարությունը, մեկնաբանում էին, թե չեն փակում, այլ միավորում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, այսինք՝ դե ֆակտո ունեինք էներգետիկայի նախարար՝ փոխնախարարի հաստիքի վրա նստած: Նույն ժամանակահատվածում իրար հետևից ազատվեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը՝ նույն ինքը էներգետիկայի նախարարը: Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եղավ փոփոխություն, ապա էներգետիկայի նախարար այդպես էլ չնշանակվեց: 

Հիմա ո՞նց է ստացվում, որ մի համակարգ՝ ի դեմս իշխանությունների, չի կարողանում իր ներսի խնդիրները լուծել, չի կարողանում սահմանադրական մարմիններով աշխատեցնել այն համակարգը, որն իրեն դուր չի գալիս, որոշել է ուղիղ մտնել ու աշխատեցնել: Այսինքն՝ ինքն ուներ ավելի բարձր կարգավիճակ ունեցող կառույց, որը կարող էր ամբողջությամբ մենեջմենթը կարգավորել, դրանով չի կարողանում անել, որոշել է անձամբ մտնել ու կարգավորել: 

Ի վերջո, էներգետիկ համակարգից ենք խոսում, մենք ունեք ՀԷՑ և ԲԷՑ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», որը պետական է: Եկեք հասկանանք՝ ԲԷՑ-ում ի՛նչ խնդիրներ ունենք: Հիմա, եթե որևէ մեկը որոշի մտնել ԲԷՑ ու քննարկել, թե ԲԷՑ-ի սխալ կառավարման հետևանքով ինչ ունենք վերջին պայմանական յոթ տարում, ի՞նչ պատկեր կարձանագրենք: 

Հիմա ո՞նց է ստացվում, որ ԲԷՑ-ի խնդիրները չենք արձանագրում, բայց ՀԷՑ-ինը արձանագրում ենք, չեմ ասում՝ ՀԷՑ-ինը չարձանագրենք: Որ ՀԷՑ-ում կային բազմաթիվ խնդիրներ, երկրորդ կարծիք չկա, բայց պետք է հիշել, որ միշտ կա լավից լավը, վատից՝ վատը: 

Իմ մտահոգությունը հետևյալն է, որ իր գործը վատ անողը սկսել է ուրիշ գործ անել, որովհետև էներգետիկ համակարգում փաստացի քաղաքականություն մշակող կառույցից սկսած ձախողումը գնում է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մի դեպքում դառնում է իբր լուրջ կառույց, իսկ մի դեպքում էլ, երբ «Վեոլիա ջրում» խայտառակ պատկեր է, բոլորը դժգոհ են, քաղաքացիներն ահազանգում են, ասում է՝ «Վեոլիան» հայտարարություն է տարածել: 

ՀԷՑ-ը վատ է աշխատել, լավ, հիմա այդ վատ աշխատանքը ԲԷՑ-ի հետ համեմատ ավելի լա՞վ է, թե՞ ավելի վատ, իմ պնդմամբ՝ ավելի լավ է, հիմա ԲԷՑ-ի կառավարման պատասխանատուներն ասում են՝ դուք ՀէՑ-ը լավ չեք կառավարում, մենք կգանք կկառավարենք:

– Հանրության շրջանում մտավախություն կա, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, ձեր գնահատմամբ՝ բարձրացում լինելո՞ւ է:

– Չեմ կարող ասել, որովհետև դա նաև կարող է լինել քաղաքական որոշման հետևանք: Ամեն ծախս ենթադրում է ծախսի հետբերում բիզնեսում, հիմա՝ ոնց կկառավարվի, ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել, չեմ ուզում կանխատեսում անել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am