Էրիկ Գրիգորյանը միջազգային բնապահպանական խորհրդատվական կենտրոն է հիմնել

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը միջազգային բնապահպանական խորհրդատվական կենտրոն է հիմնել: Նոր ծրագրում ընդգրկված են միջազգային հեղինակավոր փորձագետներ Հայաստանից և արտերկրից: Այս մասին Գրիգորյանը հայտարարել է այսօր՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: 

«Այս խորհրդանշական օրը գործընկերներիս հետ մեկնարկում ենք նոր http://environment.am հարթակը, որտեղ ներգրավված են ոլորտի բարձրակարգ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»,- Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ աշխատանքների շրջանակը ներառում է շրջակա միջավայրի կառավարման նորարարական և տեխնոլոգիական լուծումները, պետական, ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի բնապահպանական բաղադրիչի մշակումը, շրջակա միջավայրի թույլտվությունների, լիցենզիաների և համաձայնությունների բնագավառում խորհրդատվությունը։ 

Բնապահպանական հարթակի գործունեությունը ծավալվելու է Հայաստանում, Արևելյան Եվրոպայում, հետխորհրդային և Պարսից ծոցի այլ երկրներում։ 

«Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»,- հայտարարել է Էրիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը մայիսի 5-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Հրաժարականից մեկ օր անց նա հրապարակեց 111 կետից բաղկացած հաշվետվություն՝ ոլորտում կատարած աշխատանքների մասին