ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնեսներն ու պետական աջակցությունը

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնեսներն ու պետական աջակցությունը
ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնեսներն ու պետական աջակցությունը

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունը կառավարությունից ստացավ հերթական արտոնությունը։ Վերջինս սկսել է նաև նոր բիզնես՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ։

Կառավարությունը մայիսի 23-ի նիստին մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։

Այս ընկերությունն առաջին անգամ չէ արտոնություն ստանում գործադիրից։ 2018 թ․ հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին և օգոստոսին։

Դավիթ Սուքիասյանը ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017 թ. հուլիսի 1-ին։ Ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, 2017 թ. օգոստոսի 8-ին Սուքիասյանը դարձել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

2017 թ. հոկտեմբերին «Հետքը» գրեց ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնեսների և ահռելի ունեցվածքի մասին։ Երկու ամիս անց՝ 2017 թ. դեկտեմբերին, ըստ ռեգիստրի, Սուքիասյանը դուրս է եկել «ՄԼ Մայնինգի» բաժնետերերի ցանկից։ Սակայն, զարմանալիորեն, Սուքիասյանի դուրս գալուց հետո նոր բաժնետերեր ընկերությունում չեն հայտնվել։

Սուքիասյանի ունեցվածքը

Սուքիասյանը, 2017-ին պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն, ունեցել է մեկ անհատական բնակելի տուն, մեկ Mercedes-Benz 500S, մեկ Range Rover Supercharged 5.0, մեկ Lexus GX460 և մեկ ZAZ 968 մակնիշի մեքենա։ Դավիթ Սուքիասյանը ունեցել է նաև երեք ընկերության բաժնեմասեր, 60 մլն դրամի, 1 մլրդ դրամի, 375 հազար դոլարի և 20 հազար եվրոյի չափով հանձնած 4 փոխառություն։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սուքիասյանի դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ, 150 հազար դոլար և 80 հազար եվրո, իսկ եկամուտները ձևավորվել են աշխատանքի վարձատրությունից՝ 2,3 մլն դրամ, ստացված փոխառություններից՝ 20 հազար դոլար (վարկ)։

2018 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն, Դավիթ Սուքիասյանը 38 մլն դրամով վաճառել է իր Range Rover ավտոմեքենան, դրա փոխարեն նույն գնով ձեռք է բերել Mercedes-Benz G500 մեքենա։ 2018 թ. ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը ձեռք է բերել 18,6 հազար դոլար արժողությամբ ժամացույց, հանձնել է 78,9 մլն դրամի և 80 հազար եվրոյի փոխառություն, իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 49 մլն դրամ։ Սուքիասյանը եկամտի միակ աղբյուր նշել է աշխատանքի վարձատրությունը՝ մոտ 4,7 մլն դրամ։

Սուքիասյանի նոր բիզնեսը Կարապետ Գուլոյանի հետ

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի, Դավիթ Սուքիասյանը եղել է մոտ 10 ընկերության բաժնետեր։ Դրանց մի մասը դադարեցրել է գործունեությունը կամ լուծարվել։

Սակայն մեկ ամիս առաջ՝ 2019 թ. ապրիլի 18-ին, ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր, գործարար  Կարապետ Գուլոյանի հետ «Դակավա քոնսթրաքշն» անվամբ նոր ընկերություն է հիմնադրել։ 122 մլն դրամ կանոնադրական կապիտալով այս ընկերության բաժնետեր է նաև Իրանի քաղաքացի Վահեհ Թահմասիյանը։ Բաժնետերերն ունեն յուրաքանչյուրը 33.3 տոկոս բաժնեմաս։

Կանոնադրության մեջ նշվում է, որ «Դակավա քոնսթրաքշնը» ծավալելու է տնտեսական գործունեություն, սակայն կոնկրետ ուղղությունը չի նշվում։ Հատկանշական է, որ այս ընկերության տնօրեն է նշանակվել արտոնություն ստացած «ՄԼ Մայնինգի» ներկայիս տնօրեն Էդուարդ Հայրապետի Մարգարյանը։ Այս անձը մասնակցություն է ունեցել Դավիթ Սուքիասյանի այլ ընկերություններում ևս։

Փաստորեն, Դավիթ Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունը մայիսի 23-ին չորրորդ արտոնությունը ստացավ կառավարությունից։ Ավելին, ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը ոչ միայն չի հրաժարվել բիզնես գործունեությունից, այլև մեկ ամիս առաջ նախաձեռնել է նոր բիզնես՝ Կարապետ Գուլոյանի հետ։

www.Fip.am