ԱԱԾ տնօրենը հերքում է, թե մտերիմ է քրեական հեղինակությունների հետ

ԱԱԾ տնօրենը հերքում է, թե մտերիմ է քրեական հեղինակությունների հետ
ԱԱԾ տնօրենը հերքում է, թե մտերիմ է քրեական հեղինակությունների հետ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, թե մտերիմ կապեր ունի քրեական հեղինակությունների հետ։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում դիմեց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, ով Վանեցյանին մեղարդում է քերական հեղինակությունների հետ մտերիմ կապեր ունենալու համար։ «Պարոն Իոաննիսյանին խորհուրդ կտամ, որ հանգիստ նստի իր տեղը»,- ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն ասել էր, թե Վանեցյանը մտերիմ կապեր ունի Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյան) հետ։

«Թոխմախի Բաբոյնի հետ ես ծանոթ եմ դեռևս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը ռազմական ոսիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունեն»,- պարզաբանեց Վանեցյանը։

Արշակ Հակոբյանի վերաբերյալ նշեց, որ նրա հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չի ունեցել ու չունի:

«Ինչ վերաբերում է Վստրեչի ապերին՝ Արամ Վարդանյանին, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ, բայց գործնական: Այսինքն՝ ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին, որ հանգիստ նստի իր տեղը»,- նշեց Վանեցյանը։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում և օրենքների շրջանակներում։