«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրականագետ, հետազոտող Տիգրան Ամիրյանը
– Պարո՛ն Ամիրյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատվաստվածների թվով Հայաստանը տարածաշրջանում վերջին հորիզոնականներում է: Հանրային դիսկուրսում քննարկում են, թե ինչու հասարակությունը չի հավատում պատվաստումներին, բայց փոխարենը հավատում են դավադրապաշտությանը, որ մարդկանց սրանով, օրինակ՝ չիպավորում են: Սա ավելի շատ մշակութայի՞ն խնդիր է:
– Դավադրության տեսությունները, իրականում, բաժանվում են մի քանի տեսակի՝ մեծ ու փոքր: Դա անվանում ենք գլոբալ և լոկալ ազդեցության դավադրության տեսություններ: Այդ տեսություններն անընդհատ խաչվում են, դրանք տարբեր գործառույթներ ունեն:
Այս պարագայում այն, ինչ կապ ունի քովիդի և պատվաստումների հետ, դրանք, իհարկե, գլոբալ դավադրության տեսություններ են: Դա ոչ միայն հայաստանյան խնդիր է, ամբողջ աշխարհում դրա մասին դավադրության տեսությունները տարածված են:
Եթե մենք նայենք ընդհանուր համաշխարհային քարտեզին, կտեսնենք, որ ամեն տեղ, ամեն երկրում՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած տարբեր այլ մեծ ու փոքր երկրներով, այդ դավադրության տեսությունները միշտ օգտագործվում են տարբեր քաղաքական և բիզնես ուժերի կողմից:
Հայաստանում չպատվաստված մարդկանց թիվը շատ մեծ է այն պատճառով, որ ի տարբերություն եվրոպական այլ երկրների, մեզ մոտ թույլ են զարգացած ժողովրդավարական գործիքները և քննադատական մտածողությունը:
Դավադրության տեսությունները միշտ հակաժողովրդավարական են, որովհետև եթե որոշ մեդիաներ հայտնում են, որ մեր փոխարեն մի բան արդեն որոշված է, որ կան գաղտնի ուժեր, որոնք ուզում են մեզ օգտագործել, հանրությունն ավելի է թուլանում, այսինքն՝ կորցնում է իր սուբյեկտությունը, որոշում կայացնելու ընդունակությունը, օրինակ՝ ինտերնետում գտնել ինֆորմացիա, հասկանալ՝ դա իրեն պետք է, թե պետք չէ:
Հանրությունը մտածում է, որ իր տեղը որոշում են, այսինքն՝ ինչ-որ մեկը որոշել է ինձ չիպավորել: Այսպիսով, մարդը կորցնում է որոշում կայացնելու ունակությունը, և ի հետևանք ունենք չպատվաստված մարդկանց մեծ տոկոս:
Ցավոք, մենք տեսանք, որ հետպատերազմյան իրավիճակում սկսեցին որոշ կուսակցություններ ու քաղաքական ուժեր օգտագործել դավադրության այդ տեսությունները՝ կապված քովիդի հետ ու ավելի թուլացնել մեր հանրության՝ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունը:
Ես իմ նյութերում արդեն շատ անգամ նշել եմ, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում համավարակի ժամանակ անընդհատ թվերից, նոր պայմաններից խոսում էին ոչ թե մասնագետները, այլ մեր առողջապահության նախարարն էր ելույթ ունենում: Դա շատ վատ ազդեցություն ուներ, երբ իշխանությունն է խոսում, ոչ թե նեղ մասնագետները:
Եթե դուք նայեք, այդ նույն ընթացքում Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, այլ երկրներում մասնագետները անդադար հարցազրույցներ էին տալիս, խոսում էին, բացատրում էին մարդկանց: Այսինքն՝ հիվանդության դեմ պայքարող բժիշկներն էին խոսում, ոչ թե քաղաքական գործիչները:
– Ընդհանուր առմամբ այս ամենը հաղթահարելու շանսեր կա՞ն, ելքը ո՞րն է:
– Դավադրության տեսությունների դեմ պայքարելը շատ դժվար է: Դավադրության տեսությունը միշտ առաջարկում է մի մոդել, որտեղ կան գաղտնի գործող ուժեր, որոնց մտորումներն ու ծրագրերը մենք չգիտենք:
Այդտեղից էլ սկսվում է փչացած հեռախոսի համակարգով տարածվել դավադրության տեսությունը: Դրա դեմ պայքարելու մեկ ձև կա՝ առավելագույն թափանցիկություն և քաղաքացիների մաքսիմալ իրազեկ լինելը:
Ես գիտեմ, որ Հայաստանում տարբեր փոքր ձեռնարկներ գործում են, բայց, ցավոք, մեդիաները նույնպես տարածում են դավադրության տեսությունները, իսկ նրանք ավելի մեծ լսարան ու հնարավորություններ ունեն: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, լինել մաքսիմալ թափանցիկ և ճիշտ տեղեկություն տալ հանրությանը: Հակառակ դեպքում ինչ-որ դավադրապաշտական լեգենդներ, միֆեր ավելի շուտ կտարածվեն հանրության մեջ:
– Կարո՞ղ ենք ասել, որ դատելով վիճակագրությունից՝ Հայաստանը դավադրության տեսություններին ավելի շատ հավատացող երկիր է մեր տարածաշրջանում:
– Մենք ունենք նախատրամադրվածություն, քանի որ երկար տարիներ այդ դավադրապաշտական մտածելակերպը մեզանում ձևավորվել է մի այլ պատճառով՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով:
Քանի դեռ կա կոնֆլիկտ, հանրությունը միշտ գտնվում է արտաքին թշնամու նկատմամբ վախի գործոնի տակ: Ասվում է, որ մեր դեմ կա թշնամական մոտեցում, դրա համար մնացած բոլոր գործընթացները, որոնք պետք է լինեին թափանցիկ, ժողովրդավարական, երկրորդական են, որովհետև մենք ունենք մեծ արտաքին թշնամի:
Դրա պատճառով էլ դավադրապաշտական միտքը, մտածելակերպը Հայաստանում շատ բարձր մակարդակի են հասել:
Ցավոք, մեր հանրությունը շատ քիչ է պատրաստ իրազեկվելուն, ստացած տեղեկությունը ստուգելուն: Այլ երկրներում ինֆորմացիան ստուգելը դառնում է առօրյա, սովորական մի երևույթ: Դա անում են բոլորը՝ թե մեծերը, թե փոքրերը:
Աշխարհում կան նաև հումորային ոչ քաղաքական թոք շոուների ձևաչափեր, որտեղ ծաղրում ու ապակառուցում են, դեկոնստրուկցիայի են ենթարկում դավադրապաշտական նարատիվները: Հումորը շատ կարևոր գործիք է:
– Դա էլ հենց պատճառ է մեզ մոտ այն իրավիճակի, որ ունենք քովիդի դեմ պայքարո՞ւմ:
– Կարծում եմ՝ այո: Երկու պատճառ ունենք. մեկը մեդիաների քաղաքականացված վիճակն է, քաղաքական շահերը, երբ քաղաքական ուժերն օգտագործեցին քովիդը՝ ցեխ շպրտելու իրենց հակառակորդների վրա: Երկրորդը մեր առողջապահական և մեդիայի կապի խզումն է: Նկատի ունեմ, որ բժիշկները կարող էին ավելի շատ աջակցել իրազեկմանը:
– Այսինքն՝ նաև բժիշկների՞ մեղքի բաժինը կա այս ամենում:
– Իհարկե դրական ազդեցությունն ավելի շատ կլիներ, երբ բժիշկ ասելով հասկանանք ոչ միայն կլինիկական դեպքերը բուժող, այլ նաև իրազեկող մասնագետ: Ցավոք, մենք չունենք բժշկական ինֆորմացիայի այն ծավալը, որ տարածվի, նաև չունենք նման մասնագետներ, որոնք կանոնավորապես մարդկանց կհուշեին, կպատմեին, կտեղեկացնեին:
Ենթադրենք՝ դեպք է եղել, պացիենտը մահացել է պատվաստումից հետո: Բժշկությունը լռում է, չի ներկայացնում մանրամասներ, որ, օրինակ՝ ուղիղ կապ չկա պատվաստման հետ կամ կա այդպիսի կապ, քանի որ լինում են նաև նման դեպքեր տարբեր ուղեկցող հիվանդությունների պատճառով: Ու, սովորաբար, այդ լռության տեղերը միշտ գրավում են դավադրության տեսությունները: Երբ կա ինֆորմացիայի պակաս, միշտ դավադրապաշտությունը գալիս, խցկվում է այդ դատարկ տեղերը:
Մանե Հարությունյան
MediaLab.am