ֆրանսահայ երգչուհին առաջին անգամ համերգներով է հանդես գալիս Հայաստանում

Հեղինակային երգեր՝ հայերենով և ֆրանսերենով, ինչպես նաև Էլվինա Մակարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Ֆորշի երգերը՝ յուրօրինակ ոճով. ֆրանսահայ երգչուհի, երգահան Միլենա Մութաֆյանը այս օրերին Հայաստանում է և համերգներով հանդես կգա Երևանում և Վանաձորում. նա արդեն մեկ համերգ ունեցել է Սևանում:

«Արմենպրես պոդքաստի»շրջանակում երգչուհին, անդրադառնալով Սևանում տեղի ունեցած համերգին,նշեց, որ այն տեղի է ունեցել օգոստոսի 8-ին:

«Առաջին անգամ էի  ելույթ ունենում հայ հանդիսատեսի առջև և շատ հուզված էի: Եվ մեզ  համար շատ կարևոր էր այն, որ հայ հանդիսատեսը մեծ էներգիա էր փոխանցում մեզ՝ ոգևորելով բուռն ծափերով: Ամեն ինչ անցավ ուղղակի հիանալի, լավ հիշողություններով հետ կգնանք»,- ասաց նա:

Արտիստը պատմեց, որ սկսել է երգեր  գրել միայնակ՝ կիթառի օգնությամբ, այնուհետև կոնսերվատորիայում ծանոթացել է բենդի տղաներին և արդեն  5-6 տարի է միասին սովորում են. «Ընթացքում ես իրենց առաջարկեցի միասին աշխատել  իմ հեղինակային երգերի վրա, տղաները մեծ սիրով համաձայնվեցին, և մեր համագործակցությունը ստացվեց»:

Միլենան իրենց երգացանկից առաձնացրեց «Իմ քաղաք» երգը, որտեղ նա պատմում է Հայաստանում իր մանկության հիշողությունների մասին: «Ես շատ եմ հուզվում, երբ այս երգը կատարում եմ ծնողներիս ներկայությամբ, քանի որ ինձ համար շատ կարևոր են Հայաստանն ու մեր լեզուն և առհասարակ հայկական երգերը»,- ասաց Միլենան:

Նա նշեց, որ  իր կարիերան սկսել է պարով՝ կոնսերվատորիայում 8 տարեկանից, հետո շարունակել է երաժշտական ուղղվածությամբ: «Հանդես եմ եկել տարբեր ոճերում՝ սոուլ, ֆրանսիական շանսոն, ֆանկ ոճի երգեր, իսկ մոտ երկու տարի է, ինչ սկսել եմ գրել երգերս: Շատ բաներ սովորել եմ ինքնուրույն, օրինակ՝ կիթառ նվագելը, որևէ դասերի չեմ մասնակցել, բաց դեռ աշխատելու ու սովորելու շատ բան կա»,-ասաց Միլենան:

Նա 2018 թ-ին մասնակցել է ֆրանսիական «The Voice»-ի 7-րդ սեզոնին, ինչը, ըստ երգչուհու, մեծ փորձ, կապեր և անմոռանալի հիշողություններ է տվել իրեն::

Երիտասարդ երգչուհին նշեց, որ իր բենդի հետ կկատարեն  հեղինակային երգեր՝ հայերենով և ֆրանսերենով, Էլվինա Մակարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Ֆորշի երգերը՝ յուրօրինակ ոճով, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի կատարողների երգեր:

Միլենան ուրախությամբ ասաց, որ հայ արտիստներից շատ հավանում է և մեծ ցանկություն ունի համագործակցել Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ MP3-ի և Սիրուշոյի հետ և չի բացառում ապագայում նրանց հետ հետաքրքիր դուետներ ունենալը:

Միլենան ապագայի մասին շատ չի սիրում մտածել, բայց հստակ գիտի, որ ուզում է երաժշտության մեջ խորանալ, երգեր գրել  և իրեն պատկերացնում է բեմում՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում հայերենով երգեր կատարելը շատ օգնում է տարբերվելու հարցում:

Երիտասարդ երգչուհին ուրախությամբ ընդգծեց, որ իր բենդի տղաները ազգությամբ ֆրանսիացիներ են, բայց  արդեն շատ են սիրում հայկական երգերը, մեծ սիրով ու ոգևորությամբ սկսել են երգել հայերեն: Նրանք շատ հավանել են Հայաստանն ու հայկական մշակույթը: