Այսօր Հայաստան են ժամանել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները, ովքեր մասնակցում էին ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադային:
Փոխչեմպիոններին դիմավորելու էր գնացել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։
Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։ Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
