Վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասի և 358-րդ հոդվածի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:

Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ:


Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: