Եգիպտոսը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ԱԳ նախարարությունը

«Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ: