Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բանտում պահվում է փոքր, մութ, ուտիճներով լի և չօդափոխվող խցում։ Նրա խոսքով՝ խցում զուգարանի փոխարեն հատակային արտաքնոց է, և նույն պայմաններում են գտնվում նաև մյուս քաղբանտարկյալները։
«Գտնվում եմ փոքր, մութ, ուտիճներով լի, չօդափոխվող խցում, որտեղ զուգարանի փոխարեն հատակային արտաքնոց է։ Այստեղ բոլոր քաղբանտարկյալները նույն պայմաններում են»,հ գրել է Սահակաշվիլին ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ հոկտեմբերի 1-ին լրանում է իր ազատազրկման հինգ տարին։ Սահակաշվիլիի պնդմամբ՝ այդքան երկար մեկուսախցում պահելը միջազգային նորմերով հավասարազոր է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի։
Վրաստանի նախկին նախագահը նաև հայտնել է, որ բանտը գտնվում է Ռուսթավիի ցեմենտի գործարանի հարևանությամբ, որտեղից մշտապես տարածվող փոշին դժվարացնում է շնչառությունը։ Նրա պնդմամբ՝ գործարանը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին։
Սահակաշվիլիի խոսքով՝ ազատազրկման գրեթե ամբողջ ընթացքում իրեն արգելվել է հեռախոսազանգեր կատարել։
Նա նաև հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել Ուկրաինայի հյուպատոսին, ստանալ ուկրաինական տպագիր և տեսանյութային բովանդակություն, իսկ փաստաբաններին արգելվում է խուց մտցնել լուսանկարներ, այդ թվում՝ իր երեխաների և թոռան լուսանկարները։
«Մի խոսքով՝ ինձ հետ վարվում են որպես ռազմագերու, սակայն, ի տարբերություն իրենց ռուս ղեկավարների, չեն պահպանում Ժնևի կոնվենցիան»,-գրել է Սահակաշվիլին։
Նրա պնդմամբ՝ պահման պայմանները, ինչպես նաև նախկինում իր նկատմամբ կիրառված խոշտանգումն ու թունավորումը, նպատակ ունեն կոտրելու իրեն։



















