Անկախությունը ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից. վարչապետ

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը:

Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր:

Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ. մենք թեեւ մեր հարեւաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

Անկախությունն առերեսում է, եւ հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք:

Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, եւ սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան:

Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, եւ քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:

Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը եւ ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան:

Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի եւ ոչ թե մսխի ու փչացնի:

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետեւյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետեւաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն:

Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով»: