Սարդարապատ բնակավայրում շինարարական աշխատանքների մշտադիտարկմամբ հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ, համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

Այսպես.

1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2021 թ. ընթացքում կապալառու կազմակերպության կողմից իրականացված հողային աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 6.884.710 դրամի աշխատանքներ: Բացի այդ, համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել և գանձվել աշխատանքների ուշացման օրերի դիմաց պայմանագրով նախատեսված 429.770 դրամ տույժի գումարները:

2. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2021 թ. ընթացքում կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման համակարգի պոլիէթիլենային խողովակաշարերի անցկացման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված և փաստացի տեղադրված խողովակաշարերի տրամաչափերի տարբերության դեպքեր, որի գումարային տարբերությունը կազմել է 5.852.500 դրամ:

3. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2019թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 714.120 դրամի աշխատանքներ:

4. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներից հավաքագրված գումարներով իրականացված ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների (ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափերի տեղադրում և մոնտաժման այլ աշխատանքներ) գծով արձանագրվել են հավաքագրված գումարների նկատմամբ պակաս կատարված 3.506.720 դրամի աշխատանքներ: Հարկ է նշել, որ համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները համայնքապետարանի կողմից չեն հաշվառվել, դրամարկղ չեն մուտքագրվել, ինչպես նաև չոն մուտքագրվել համայնքի բյուջե:

5. Համայնքապետարանի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել ապրանքներ և ծառայություններ, սակայն չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել եկամտային հարկի գումարը 866.800 դրամի չափով, որով խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

6. Համայնքապետարանի կողմից տեխնիկական հսկողության դիմաց տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությանը պայմանագրային գումարը վճարվել է ամբողջությամբ, այն դեպքում, երբ իրականացվել են պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալի ընդամենը 64%-ը: Ավել վճարված գումարը կազմել է 252.000 դրամ:

7. Սարդարապատի համայնքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացները իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ Կառավարության որոշումների դրույթների բազմաթիվ խախտումներով: Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։