Դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետև պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին:

Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին:
Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների և ուսուցչական անձնակազմի հետ:

Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և փաստել, որ արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլևս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն:

«Կրթությունն է թե՛ ինքնազարգացման, թե՛ վերափոխվելու, թե՛ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացմամբ աշխատելու հենքը: Պետական այսպիսի աջակցությունն իրապես աննախադեպ հնարավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար, որից պետք է միանշանակ օգտվել: Այսպիսի հնարավորություն անգամ շատ ու շատ առաջադեմ երկրներում չկա, ուստի մեր ուսուցչական անձնակազմի օժանդակությամբ պետք է մոտիվացված կերպով շարունակեք կրթվել, լցնել ձեր առօրյան օգտակար զբաղվածությամբ»,- նշել է Սարգսյանը:

Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաև մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, և գիտելիքների պաշարն ամրապնդել:

Փոխնախարար Սարգսյանը նաև շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել հիմնարկի օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական պլանավորման, տարեվերջին ավարտին կհասցվեն:

Այցին մասնակցել են նաև արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները: