Երևանում բացվել է քաղաքին նվիրված այգին․ Տեսանյութ

Երևանում բացվել է քաղաքին նվիրված այգին․ Տեսանյութ
Երևանում բացվել է քաղաքին նվիրված այգին․ Տեսանյութ

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին: 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել էին 2015 թվականին: 

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային շոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նարեկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել: Նարեկ Կարապետյանը նշում է՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական:

«Հանգստի գոտում մշտապես հնչելու է դասական երաժշտություն, սակայն 23:00-ից հետո մենք պահելու ենք ձայնային սահմանը, որ երաժշտությունը բնակիչներին չանհանգստացնի: Ինձ թվում է՝ լավ միջավայր կկարողանանք ապահովել, և այգին Երևանի սիրված գոտիներից մեկը կլինի: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որի համար մենք աշխատում ենք: Քաղաքապետը ճիշտ ուղղությամբ է տանում մայրաքաղաքի զարգացման քաղաքականությունը, և մենք, որպես քաղաքի ներդրողներից մեկը, միշտ հետաքրքրված և պատրաստ կլինենք համագործակցության հարցում»,- նշել է Նարեկ Կարապետյանը:

Կարևորելով համայնք-մասնավոր հատված համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ մայրաքաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար: «Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի վերջացել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված: Մենք նաև ներդրող ունենք, որն ուզում է ծրագիր իրականացնել այգու հարակից հատվածից սկսած մինչև Մանկական երկաթուղին ներառյալ: Իրականում շատ լավ պատկեր է ստացվելու, որովհետև «Հին Երևան» նախագիծը, երբ վերջնականապես պատրաստ լինի, Խանջյանից սկսած կարող ենք այգիների միջով, ոտքով ուղիղ գալ-հասնել Մանկական երկաթուղի: Այստեղ շատ կարևոր է երկխոսությունը, և երկխոսությունը ստացվում է, որովհետև երկու կողմից էլ կա մեծ սեր Երևանի հանդեպ: Ինձ համար առաջնահերթությունը միշտ անվտանգությունն է: Քաղաքը պետք է լինի հետիոտնինը, քաղաքը պետք է լինի կանաչ և հարմար՝ ապրելու ու երջանիկ լինելու համար»,- նշել է քաղաքապետը:

«Մենք չէինք կարող թողնել հարակից ստորգետնյա անցումի այն վիճակը, որն այսօր կա: Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն, այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփոձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։