Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ. Փաշինյանը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։

Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։