«Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի». Նիկոլ Փաշինյան

«Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի». Նիկոլ Փաշինյան
«Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևանում նշանակել և անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ:

Նշենք, որ հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը։

«Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով։ Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունը ապահովելը։ Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված՝ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ունեն, իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է»,- նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու:

Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ-ից: Թավշյա հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ճնշման տակ հուլիսի 9-ին նա հրաժարական տվեց:

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի  Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանիինը»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ինը՝ Արարատ Զուրաբյանը: «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին մասնակցելու են միասին, նրանց ցուցակը գլխավորելու է Արտակ Զեյնալյանը։