Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան

Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան
Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան

Ռազմ.info-Այս տարի առանձնահատուկ էր իրավիճակն առաջնագծում: Մինչև օրս ունենք հակառակորդի կողմիցդիվերսիայի 16 փորձ, հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել ու ելման դիրքեր գնացել: Հակազդող նմանատիպ 7 գործողություն ենք իրականացրել, որից 5-ը հաջողված են եղել:

Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի` հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին մեր հատուկ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն:

«Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Գեներալ-լեյտենանտի համոզմամբ, նրանք այդ հարձակմամբ նախատեսել էին թաքցնել իրենց կորուստների թիվը:

«Հակառակորդն այս վերջին գոծողություններով ունի 36 զոհ, որոնք մենք վերցրել ենք իրենց լրատվամիջոցներից, բայց այդ ամենը հստակ է, քանի որ բոլորի անուն ազգանունները կան: Այս բոլոր գործողություններն իրականացրել են իրենց հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, որոնք պատրաստվել են Հյուսիսային Կիպրոսում, ինչի համար էլ Ադրբեջանը մեծ գումար է վճարել Թուրքիային»,- պարզաբանեց ՊԲ հրամանատարը:

Պաշտպանության բանակի հրամանատարն անդրադարձավ նաև օգոստոսի 10-ի նախագահների եռակողմ հանդիպմանն ու դրանից հետո առաջնագծում իրավիճակի հանգստանալուն:

Համաձայն Մովսես Հակոբյանի` Ադրբեջանն այս լարված իրավիճակով մի քանի նպատակ է հետապնդել: Առաջինը` նախագահների հանդիպման նախաշեմին փորձել են ինչ-որ բան ապացուցելով ՀՀ նախագահին:

«Իբր եթե չգնաք միակողմանի զիջումների, ապա կգնանք ռազմական գործողությունների: Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս վերջին գործողությունները նրանց համար պիտի որ եզրահանգման գալու առիթ լինեն»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:

Իսկ մյուս նպատակն, անշուշտ, հայ զինծառայողին վնաս հասցնելն է եղել:

Տեղեկացնենք, որ լրագրողների այցը Պաշտպանության բանակ կազմակերպել են ՊԲ-ն և «Հետք»-ը: