ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանոսյանը դիվանագետներին ցույց է տվել Կութի համայնքապետարանի շենքը, դպրոցն ու բուժկետը, որը հրթիռակոծության է ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրանք փորձել են կոնկրետ քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորել»,-նշեց Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ցույց տվեց նաև Կութի արոտավայրերը, որոնց մի մասի օգտվելու իրավունքից բնակիչները զրկված են:

«Այս բլուրը Հայաստանի  սուվերեն տարածքն  է,  բայց ագրեսիայից հետո հիմա այնտեղ ադրբեջանական զորքերն են:  Համայնքապետարանը, դպրոցը և ամբողջ գյուղը գտնվում են ուղիղ թիրախի տակ»,-հավելեց  նա:

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրում վնասվել է գյուղապետարանի շենքը և բուժկետը, դպրոցը, 2 բնակչի օժանդակ կառույց, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին  ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները: