Կառավարությունը առաջարկում է քրեորեն պատժելի համարել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը. նախագիծ

Հայաստանի արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է քրեորեն պատժելի արարքներ համարել ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Հանրային քննարկման դրված նախագծի հիմնավորումներում ներկայացվում է այս առումով միջազգային փորձը: Մասնավորապես, ըստ այդ փաստաթղթի, Գերմանիայում քրեական պատասխանատվություն է սահմանված ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյությունը խաթարելու կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի վրա հիմնված սահմանադրական կարգի փոփոխություն ձեռնարկելու համար:

Լիտվայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձի համար, ով հրապարակայնորեն կոչ է արել բռնությամբ խախտել Լիտվայի Հանրապետության ինքնիշխանությունը՝ փոխել սահմանադրական կարգը, տապալել օրինական իշխանությունը, ոտնձգել նրա անկախությունը կամ խախտել տարածքի ամբողջականությունը, ստեղծել զինված խմբավորումներ այդ նպատակների համար կամ սույն գլխով նախատեսված այլ հանցագործություններ կատարել, որոնք հարձակում են Լիտվայի պետության վրա: