ՀՀ վարչապետ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ որևէ պարագայում երկրի պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չեն զիջի, իշխող կուսակցությունը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:
Իշխանության գալուց հետո արձանագրած հաջողությունները թվարկելուց հետո Փաշինյանը նշեց՝ կա մի մեծ գլոբալ խնդիր, որն ի վիճակի է ծածկել նույնիսկ իրենց ունեցած բոլոր հաջողությունները: «Այդ աղետը, այդ ողբերգությունը հայտնի է բոլորիս. դա 2020 թ. 44-օրյա պատերազմն է, մեր բազմաթիվ զոհերը, նահատակները, մեր կորուստներն ու մեր ողբերգությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ ՔՊ կուսակցության՝ հանրությանը ներկայացրած ծրագրին հավատարիմ է մնացել, սակայն կա դեպք, երբ ծրագրին հավատարիմ մնալը հաջողություն է բերել, կա դեպք՝ անհաջողություն: Եվ Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքը հենց դրա մասին է:
«Ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը մենք պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Եվ ինչպես մենք, համաձայն ՔՊ կուսակցության ծրագրի, ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից: Եվ մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ-ի խնդրի լուծմանը»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այն փաստը, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո իրեն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքը հայտարարել էր՝ Արցախը Հայաստան էր, և վերջ, մի բանի մասին է վկայում, որ ՀՀ անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, ՀՀ անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել և փլուզվել են:
«Որովհետև հռչակագրի ընդունման առաջին օրից հետո, փաստորեն, այս ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել ա՛յն ժամանակ, երբ 1991-ին ԼՂ-ն հռչակում էր անկախություն, ա՛յն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարյալ հրաժարում տեղի ունեցավ և ա՛յն ժամանակ, երբ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանում իշխող ուժն, ըստ էության, ոչնչացրեց նաև ԼՂ-ի անկախության հռչակման իրավական հիմքերը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ իրենց ուժը, իշխանության գալով ու առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձել է իրենցից կախված ամեն-ինչ անել, որ Հայաստանի պետականության հիմունքները նորոգեն:
«Եվ մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մենք՝ մեր բոլոր ջանքերով, այլևս ի վիճակի չենք վերականգնել: Եվ պարզվեց՝ ոչ-ոք ընդհանրապես չի ուզում վերականգնել, հակառակ դեպքում այդ քննադատություններն այդ շեշտադրումներով չէին հնչի»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ՔՊ կուսակցության հիմնադիր ծրագրին՝ նա մեջբերում արեց՝ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ-ի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության՝ հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
«Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջնային ջանքերն ուղղված են եղել ԼՂ-ի՝ բանակցողի կարգավիճակի վերականգնմանը: Եվ մենք այստեղ էլ հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին: Բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմություններն այլևս դուրս են ՀՀ վերահսկողությունից, քանի որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի մասով: Պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և միակ բանը, որ կարող է որոշել, հլու կատարելն է այլ տեղերում կատարվող և կայացված որոշումները»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրենց սխալն է եղել այդ որոշումներին չհնազանդվելը:
«Այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ-ի խնդրի համատեքստում, այլ, այդպես վարվել ենք, որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը: Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ: Եվ պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը և սուվերենությանը:
Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում՝ այսօր էլ ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են: Եվ մենք այսօր բարձր ու հստակ պետք է հայտարարենք ու արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի: Եվ մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,-շեշտեց Փաշինյանը: