Փետրվարի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը:
Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին, այդ թվում` միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ՀՀ ժողովրդավարական գործընթացներին Կանադայի աջակցությանը և տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ու փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: