ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն վերջնական որոշումը կախված կլինի ինչպես ԵՄ-ի դիրքորոշումից, այնպես էլ Հայաստանի ժողովրդի կամքից։
Այս մասին վարչապետն ասել է Radio France Internationale-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների վերաբերյալ հարցին։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության երկարամյա պատմություն ունեն, իսկ 2018 թվականից հետո հարաբերությունների խորացման գործընթացը շարունակվել է։
Նրա խոսքով՝ 2025 թվականին քաղաքացիական նախաձեռնության հիման վրա ընդունվել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։
«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը։ Որովհետև Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Եվրամիության ներսում ընդլայնման հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան, և Հայաստանի անդամակցության հեռանկարը կախված է նաև այդ քննարկումների արդյունքներից։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը արտաքին քաղաքական այլընտրանքների ստեղծումն է։
«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշելու՝ երկիրը շարունակի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, դառնա Եվրամիության անդամ, թե չանդամակցի այդ միություններից որևէ մեկին։
Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ պետական համակարգն ու չափանիշները համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին՝ անկախ ԵՄ-ին անդամակցելու վերջնական որոշումից։
«Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ Եվրամիությունը կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ նույնիսկ ԵՄ-ին չանդամակցելու դեպքում եվրոպական չափանիշներին համապատասխանող պետական համակարգի ձևավորումը Հայաստանի համար ձեռքբերում կլինի։
«Նույնիսկ եթե Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- եզրափակել է նա։



















