ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ: 

«ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար:

Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր թատրոնը մեծ պատվով շարունակեց իր առաքելությունը, հանդիսատեսին մատուցելով բարձրակարգ ներկայացումներ՝ Վահե Շահվերդյանի բեմադրական յուրօրինակ ձեռագրով: Վանաձորի թատրոնը ևս նրա գլխավորությամբ ապրում էր մշակութային հարուստ կյանքով՝ ներկայացնելով հետաքրքիր խաղացանկ:  

Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր գիտելիքներն է կիսել սերունդների հետ, և իր լուսավոր հետքը հավերժ թողել մեր մշակութային կյանքում:

Կիսում եմ անվանի արվեստագետի ընտանիքի, թատերարվեստի ներկայացուցիչների, գործընկերների և նրա երկրպագուների վիշտն այս մեծ կորստի պահին»: