Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը

Հեղինակ MediaLab

Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

«Գյուղի լուսավորության ցանցն ընդարձակվում է հինգ ուղղություններով, շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն մայիսի վերջերին: Մարտի 15-ից վերսկսվել են Զոլաքարի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա ընթացքում ու ընդհատվել տարեվերջին:

Մանկապարտեզը եւս կառուցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի պայմանագրային արժեքը կազմում է 276 միլիոն դրամ: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ»,-ներկայացրեց Զոլաքար համայնքի ղեկավարը:  

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։