Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7֊ին հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երկու երկրների նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին հյուրընկալելու համար։