National Geographic պարբերականն անդրադարձել է հայկական Robin ռոբոտին

National Geographic պարբերականն անդրադարձել է Expper Technologies հայկական ընկերության կողմից ստեղծված Robin the Robot սոցիալական ռոբոտին՝ այն անվանելով «Robot Doc»։

«Հիվանդանոցում գտնվող երեխաների համար օրերը կարող են երկար և սթրեսային թվալ: Ահա թե ինչու է նախագծվել Robin the Robot-ը, որը նախատեսված է կատակներ անելու, խաղեր խաղալու և մանկական հիվանդասենյակներում երեխաների հարցերին պատասխանելու համար: Մոտավորապես 8 տարեկան Robin-ն արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծում է դեմքի արտահայտություններն ու խոսքը՝ երեխաների տրամադրությանը և խոսակցություններին արձագանքելու համար: Ռոբոտը մեծ օգնություն էր տրամադրում COVID-19-ի համավարակի ընթացքում, երբ հիվանդանոցի պատանի պացիենտներին ընտանիքի անդամները և ընկերները չէին կարող այցելել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է National Geographic-ի անդրադարձում։

Robin the Robot-ը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտ «Ռոբոտաշինություն» անվանակարգում, նաև արժանացել է մրցանակի Fast Company-ի 2021 թվականի Innovation by Design Awards-ի Impact անվանակարգում: