Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ նշանակվել է շուրջ 83 միլիոն դրամի չափով տուգանք. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:

Ինչպես հայտնում են Հանձնաժողովից, վարույթների քննության արդյունքում արձանագրվել է, որ հիշյալ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաև իրականացրել են  օրենքին հակասող գովազդներ:

Արդյունքում, Հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 8-ի թիվ 428-Ա և 429-Ա որոշումներով «Գլոբալ Շիփփինգ»  ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի,  թիվ 431-Ա որոշմամբ «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ` 18 311 294  ՀՀ դրամի և թիվ 430-Ա որոշմամբ ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ: