«Անջատում հանուն փրկության» թեզն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Արտակ Զեյնալյանը սխալվում է․ FIP.am

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերությամբ անցկացված նախընտրական առաջին բանավեճի ժամանակ քննարկում էր ծավալվել, թե որ քաղաքական ուժին է պատկանում «Անջատում  հանուն փրկության» բանաձևի «հեղինակային իրավունքը»։ 

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը 5 տարի հետո, նշել է. ««Անջատում հանուն փրկության» թեզը, գաղափարը մեր խմբի կողմից է առաջարկվել դեռևս նախկին իշխանություններին»։ 

Մինչ այդ թեզի մասին խոսել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե իրենց բանաձևը «անջատում հանուն փրկության» դոկտրինն է, որն իրենց քաղաքական ուժը փորձելու է առաջ տանել։ 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Արման Մուսինյանն էլ ասել է, որ «Անջատում հանուն փրկության» թեզի շուրջ կարծես հեղինակային իրավունքի կռիվ է գնում։ «Ես մեր հեռուստադիտողներին կխնդրեմ ուսումնասիրել վերջին 5-7 տարիների պատմությունն այս թեզի մասին, և նրանք անհրաժեշտ եզրահանգումները կանեն»,- նշել է Մուսինյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ներկայացնել, թե որն է «Անջատում հանուն փրկության» բանաձևի բովանդակությունը և ով է առաջինն այն առաջ քաշել որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հիմք։ 

«Անջատում հանուն փրկության» միջազգային նորմի սկզբունքը

Remedial secession` «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» միջազգային նորմը կիրառվել է, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2008 թվականին Կոսովոյում անկախության հռչակման իրավաչափության վերաբերյալ գործի շրջանակներում։ Նորմի էությունն այն է, որ եթե ազգային փոքրամասնության գոյությունը վտանգված է որևէ պետության կազմում, ապա որպես նրա փրկության միակ ելք մնում է նրա բնակության տարածքի անջատումը տվյալ պետությունից։ 

«Անջատում հանուն փրկության» թեզը կիրառվել է 2016 թ․-ի ապրիլյան քառօրյայից հետո

«Անջատում հանուն փրկության» թեզը հայ քաղաքա-իրավական շրջանակների կողմից կիրառության մեջ է դրվել 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո։ 

Այս սկզբունքին հրապարակային անդրադարձել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016 թ. մայիսի 6-ին իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում՝ արձանագրելով, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։

Նույն հոդվածում Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ այս կռվանը ժամանակին օգտագործվել է հայկական դիվանագիտության կողմից, մասնավորապես՝ դեռևս ԵԱՀԿ 1996 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովում ունեցած իր ելույթում։ Թեև այդ ելույթում Տեր-Պետրոսյանը չի կիրառում «անջատում հանուն փրկության» սկզբունքը, սակայն նրա ելույթն այն մասին էր, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ մշտապես կախված կլինի տեղահանման վտանգ, և որ Բաքվի, Սումգայիթի և Արցախի 24 գյուղերի նկատմամբ իրագործված գործողությունները վկայում են այն մասին, որ հայկական կողմի համար միակ ընդունելի լուծումը Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշումն է: 

«Անջատում հանուն փրկության» դոկտրինը հետագայում քաղաքական և իրավական շրջանակներում վերագրվել է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացում առաջարկվող տարբերակ։ 

2016 թ. դեկտեմբերի 9-ին «ԼՂՀ հակամարտությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ՀԱԿ-ը նույնիսկ ֆորում էր անցկացրել։ 

Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ Տեր-Պետրոսյանի այս հոդվածում տեղ գտած տեսակետներին 2016 թվականին անդրադարձել էր նաև «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, որը նշել էր, որ ի սկզբանե Ղարաբաղ կոմիտեն հարցն առաջ էր տանում` հիմնվելով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, բայց դրան զուգահեռ մարդկանց մի խումբ, որտեղ առանցքային դեմքը Զորի Բալայանն էր, առաջ էր տանում նաև այն գաղափարը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա սպառնալիք է Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը: «Այն ժամանակ այդ ուղղությունը քաղաքական շատ մեծ նշանակություն չուներ, քանի որ ավելի շատ հիմնված էր պատմական իրողությունների վրա, ոչ թե արդիական փաստերի, բացի այդ, այն ժամանակ աշխարհը դեռևս հակված չէր նմանատիպ խնդիրների լուծման գործում լրջորեն հաշվի նստել այդ հիմնավորման հետ»,- նշել էր նա: 

2016 թվականից հետո այս թեզի մասին բազմիցս խոսել են նաև դիվանագետ Ռուբեն Շուգարյանը, միջազգային իրավունքի մասնագետ Ֆիլիպ Գալֆայանը և այլն։ 

«Անջատում հանուն փրկության» թեզը կրկին շրջանառվել է արցախյան երկրորդ պատերազմից հետո 

Թեզը կրկին շրջանառության մեջ է մտել արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն։

2020 թ. հոկտեմբերի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում անդրադարձել է Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորության մասին՝ շեշտելով, որ, ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում:

Ժնևի քաղաքային խորհրդի որոշումից հետո հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին՝ այն համարելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտ միջոց՝ այդ տեսակետը նաև հաստատելով գրառմամբ, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա։ 

Նիկոլ Փաշինյանը 2021 թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ «անջատում հանուն փրկության» բանաձևը տեսնում են որպես Արցախի խնդրի միակ լուծում։ 

Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի պնդմանը, ապա Fip.am-ի հետ զրույցում վերջինս կրկնեց, որ 2016 թվականին ինքն այդ թեզը որպես իրավաբան, իրավապաշտպան առաջարկել է այդ ժամանակվա գործող իշխանություններին: Այդ մասին, սակայն, որևէ հրապարակում համացանցում չգտնվեց։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանի դիտարկումը ճիշտ էր, և թեզի մասին հրապարակային առաջին անգամ խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016 թ. մայիսի 6-ին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում։ 

Փաստերի ստուգման հարթակ