Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ. Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:

Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել։

Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Վ. Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։

Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է։