Ռուսաստանում որոշեց՝ «պիտի գնամ հետ՝ Հայաստան ու Ղարաբաղում ծառայեմ»․ մայրը հիշում է որդու խոսքը՝ հանկարծ դուխդ չգցես

Գայա Հակոբյանը հուզմունքով է հիշում պատերազմի դաշտից որդու վերջին զանգը և գոտեպնդող խոսքը՝ «Մա՛մ ջան, հանկարծ դուխդ չգցես, չկոտրվես»։ 

Գայան ասում է՝ հոկտեմբերի 21-ին նույն օրվա մեջ երկու անգամ տղայից զանգ ստանալը և նման խոսքեր լսելը տարօրինակ թվացին, սիրտը կանխազգացել է, որ ինչ-որ բան է կատարվում: Ցավոք չսխալվեցի՝ ասում է մայրն ու հուզմունքով պատմում՝ սաստիկ տագնապ ու անհանգստություն է զգացել, հաջորդ օրն արդեն տեղեկացել են անդարձ կորստի մասին։ 

«Իր զանգերը միշտ բարձր տրամադրությամբ էին, երբևիցե չէինք զգում, որ պատերազմի մեջ ա, վարպետորեն թաքցնում էր, որ չզգայինք։ Այդ տարօրինակ զանգից հետո մեջս ահավոր տագնապ մտավ, սաղ գիշեր չեմ քնել, ես զգում էի էդ ամեն ինչը։ Ինչ համարներով զանգել էր՝ հետ էի զանգում՝ չէր պատասխանում։ Առավոտ շուտ գնում եմ ՊՆ, մերոնք արդեն գիտեին, մարդ են ուղարկում, ինձ բերում են տուն, ու արդեն իմանում եմ»,- հուզմունքով պատմում է 43-ամյա կինը։

Գայայի որդին՝ 19-ամյա Ժորա Մարտիրոսյանը, 1 տարի 3 ամսվա ժամկետային զինծառայող էր, ծառայել է Կուբաթլուում, երբ սկսվել է պատերազմը։

Մոր խոսքով՝ որդին մի քանի թեժ կետերում է հակառակորդի դեմ կռվել՝ Ֆիզուլի, Ջրական, Կարմիր Շուկա և այլն։

Հոկտեմբերի 21-ին Կուբաթլուի ու Խնձորեսկի հատվածում կասետային ռումբի հարվածից Ժորան զոհվել է։

Այդ դեպքից հետո Գայան ասում է՝ ուղղակի գոյատևում են, չեն ապրում։ «Ուրախություն չկա, ամեն ինչ խամրած ա, գույներ չկան»,- ասում է մայրը։

Գայան պատմում է՝ որդուն կորցնելու կանխազգացումը դեռ վաղուց է ունեցել, որդին 8-րդ դասարանում է սովորել, երբ տեղափոխվել են Ռուսաստան, սակայն Ժորան իր որոշմամբ և կամքով, երբ ծառայելու տարիքը հասել է, վերադարձել է Հայաստան՝ ժամկետային ծառայության անցնելու։

«3 տարի Ռուսաստանում մնալուց հետո ասեց՝ ես պիտի գնամ հետ՝ Հայաստան ու Ղարաբաղում ծառայեմ, ասեց՝ հանկարծ մեջտեղ չընկնես, ուրիշ բաներ չանես: Ես չէի կարա իրա խոսքին դեմ լինեի, եթե ինքը մի բան էր ասում, պիտի աներ, ես պետք ա հարգեի իր որոշումը, ու եկավ ու գնաց»,- հիշում է ու հուզվում մայրը։

Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մոր խոսքով՝ բոլոր նպատակներն ու ծրագրերը որդու հետ էին կապված, սակայն չարաբաստիկ պատերազմի պատճառով օդում մնացին։

«Մինչև պատերազմը շատ ծրագրեր ու երազանքներ ունեինք, որը ես Ժորի հետ էի կառուցում։ Իմ աղջկան նշանել էինք, սպասում էինք, որ Ժորս գա, հարսանիք անենք, իր հետ էինք ծրագրում՝ ոնց ենք անելու, տանը պապա չունենք, բաժանված եմ։ Ու սաղ մեր երազանքները կոտրվեցին»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Ժորը լռակյաց էր, քչախոս, հավասարակշիռ․ «Երբեք ավել բառ չէր խոսա, իր պահվածքով, դատողությամբ տարիքից մեծ էր երևում, նույնիսկ տեսքով էր մեծ երևում, խոսում էր, անկախ մեզնից նենց էր ստացվում, մենք լուռ լում էինք, ու հաստատ խելոք բան էր ասում»,- պատմում է մայրը։

Մայրն ասում է՝ մինչև բանակ գնալը որդին հասցրել էր ներգրավվել տուրիզմի ընտանեկան բիզնեսում և՛ որպես գիդ, և՛ որպես վարորդ: «Ինձ օգնում էր տուրիզմում, էդ տարիքին ինքն արդեն ամեն ինչը գիտեր, շատ էր սիրում Հայաստանի տեսարժան վայրերը, պատմությունները, շատ լավ տիրապետում էր ռուսերենին ու շատ սիրուն էր ներկայացնում, մեր այցելուները շատ էին հավանում։ Բանակից հետո ուզում էր գար, էդ ուղղությամբ կրթությունը շարունակել»,- ասում է Գայան։

Մայրն ասում է՝ ամեն վայրկյան զգում է որդու ներկայությունը, ցանկացած քայլ կատարելիս որդին իր կողքին է: «Գնում եմ Եռաբլուր, նստում կողքը, ոչ մի բան չեմ խոսում, ինքն ամեն ինչ գիտի, գիտեմ, որ ինքը միշտ ներկա ա, ինձ հետ ա»,- հուզմունքով ասում է մայրն ու շարունակում է ապրել՝ հանուն աղջկա, ու որ տղան վերևից տեսնի՝ ուրախանա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am