Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Եռաբլուրից բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ ոստիկանությունը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ:

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջիններիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Նշված արարքը պատժվում է 50 հազար դրամ տուգանքով։

Հայցադիմում է ներկայացվել 3 տասնյակից ավելի քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վերջիններս փորձել են թույլ չտալ իշխանության ներկայացուցիչների այցը Եռաբլուր։

Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով է նրանց հեռացրել պանթեոնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ավելի վաղ հայտնել է, որ բերման ենթարկված ծնողներից 5 մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Անդրադառնալով դեպքին՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։