Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը. 17-ի փոխարեն`12 նախարարություն

Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը. 17-ի փոխարեն`12 նախարարություն
Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը. 17-ի փոխարեն`12 նախարարություն

Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ աղբյուրի, նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

  2. առողջապահության նախարարություն

  3. արդարադատության նախարարություն

  4. արտակարգ իրավիճակների նախարարություն

  5. արտաքին գործերի նախարարություն

  6. բնապահպանության նախարարություն

  7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  8. պաշտպանության նախարարություն

  9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն

  11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն

  12. ֆինանսների նախարարություն

Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:

Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում: