«Դա շատ վտանգավոր քայլ է». Հայաստանի Կառավարության թույլտվությամբ սկսվում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը

Այսօր երեկոյան Հայաստանի Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվելու է եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ինչի հիման վրա էլ սկսվելու է Ամուլսարի հանքի շահագործումը։

«Ստորագրվելու է 250 մլն դոլարանոց մի փաթեթ, որը թույլ է տալու վերսկսել Ամուլսարի հանքի շահագործումը»,- այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն էլ ՀՀ Կառավարության կողմից ստորագրելու է եռակողմ հուշագիրը:

Ստորագրվելիք փաստաթղթի մասին էկոնոմիկայի նախարարը մանրամասներ չի հայտնել, և այս պահին հայտնի չէ Հայաստանի Կառավարության պարտավորությունների շրջանակը: Սակայն միջազգային իրավունքի մասնագետ, «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը պնդում է՝ Հայաստանի Կառավարությունը վտանգավոր քայլի է դիմում՝ թույլ տալով շահագործել Ամուլսարի հանքավայրը:

«Եթե Կառավարությունը ստորագրում է հուշագիրը Եվրասիական բանկի հետ, ապա ստացվում է, որ երաշխավորում է, որ այս հանքը պետք է անպայման աշխատի, իսկ եթե չի աշխատում, ապա նախկինում հանքավայրի շահագործումն ստանձնած ընկերության ունեցած ողջ պարտավորությունն ընկնում է Կառավարության կամ ժողովրդի վրա: Դա շատ վտանգավոր քայլ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունը նույնիսկ ջերմուկցիների կարծիքը հաշվի չի առնում, որոնք 2018-ին փակել էին հանքի ճանապարհը և թույլ չէին տալիս, որ հանքը շահագործվի: «Հանքը տարբեր պատճառներով կարող է դարձյալ չաշխատել, չէ՞ որ բնակչությունն էլ դեմ էր, այդ դեպքում ի՞նչ է անելու Կառավարությունը, ինչպե՞ս է հանքի անխափան շահագործումը թույլ տալու: Եթե ժողովուրդը թույլ չտա, որ շահագործվի, նշանակում է՝ ամբողջ պարտավորությունն ընկնելու է Կառավարության վրա, որ ի՞նչ է ստորագրում, անհասկանալի է»,- նշում է նա:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան զինված ագրեսիայի հետևանքով Ջերմուկում ստեղծված իրավիճակի պայմաններում հանքի շահագործումը առավել վտանգավոր է. «Մի քանի կիլոմետրի վրա ցիանիդային հարթակ պետք է լինի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դրա վրա ռմբակոծումը ինչի կարող է հանգեցնել, դա կլինի մեր երկրի վերջը, դա նշանակում է Հայաստանի ջրերի 80 տոկոսը աղտոտվելու է»:

Վարդանյանը ընդգծում է՝ Կառավարության ջանքերը Ամուլսարը շահագործելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ շարունակվում են, և հիշեցնում նախորդ տարի Ընդերքի մասին օրենսգրքում կատարված վիճահարույց փոփոխությունը:

«Մեդիալաբը» անդրադարձել էր կատարված փոփոխությանը և տեղեկացրել, որ Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով ներդրվում է նոր հոդված, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով: 

Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում՝ գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։

Հիշեցնենք՝ Ամուլարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունը բնապահպան ակտիվիստների հետ փակել էր հանք տանող ճանապարհը և թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ իրականացնել:

«Ընդերքի մասին օրենսգրքում անօրինական փոփոխություններ կատարեցին, որ հանքավայրի շահագործան ժամկետը երկարացնեն, ՇՄԱԳ-ն էլ ուժ կորցրած չէ: Բացի այդ էլ կային խոսակցություններ, որ Կառավարությունը մասնաբաժին է ստանալու կատարվող ներդրումներից, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում է: Գուցե Կառավարությունը ստորագրում է այդ հուշագիրը, որովհետև մասնաբաժին ունի ստանալու»,- նշում է Նազելի Վարդանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am