Բարսեղ Բեգլարյանն ասաց` վնասը կվերականգնե՛ք, եթե չէ՝ կթաղեմ. տուժողը դատարանում ցուցմունք տվեց

Բարսեղ Բեգլարյանն ասաց` վնասը կվերականգնե՛ք, եթե չէ՝ կթաղեմ. տուժողը դատարանում ցուցմունք տվեց
Բարսեղ Բեգլարյանն ասաց` վնասը կվերականգնե՛ք, եթե չէ՝ կթաղեմ. տուժողը դատարանում ցուցմունք տվեց

Երևանի ընդհանուր իրվասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, այսօրվա նիստին հարցաքննվում է գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանը։ Տուժողը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ իր նկատմամբ ոչ միայն ինքնիրավչություն է իրականացվել, այլ նաև խոշոր չափով գումարի շորթում, որի առթիվ ևս հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Արման Մկրտումյանը պատմեց, որ իրեն սպառնացել են, որ Բարսեղ Բեգլարյանը իրենից իր տունը կվերցնի. «Բարսեղ Բեգլարյանը սենյակից դուրս եկավ ինձ ու Սուրիկին ասաց՝ վնասը կվերականգնե՛ք, եթե չէ՝ երկուսիդ էլ կթաղեմ»։ Տուժողը պատմեց, որ հետագայում կրկին սուր խոսակցություններ է ունեցել Բարսեղ Բեգլարյանի և նրա կողմնակիցների միջև․ «Ես ասացի էս հարցի լուծման համար եկեք դիմենք իրավապահներին, Բարսեղ Բեգլարյանն ինձ ասաց՝ հազար դոլար կտաս քննիչներին՝ քեզ գործի միջից կհանեն, իսկ հարցը մենք մեր ուժերով կլուծենք»։ Մկրտումյանը պատմեց, որ այս դեպքերի ընթացքում ինքը վիրահատվել է, իսկ որոշ ժամանակ անց կրկին Բարսեղ Բեգլարյանը զանգահարել է իրեն ու կանչել աշխատանքի, որտեղ էլ սկսվել են իր նկատմամբ բուն ճնշումները։ Ըստ Մկրտումյանի՝ իրենք մի սրահում են հավաքվել, որտեղ եղել են Հրայր Հովսեփյանը, Բարսեղ Բեգլարյանը, Յաշա Խաչատրյանը և այլք:

«Բարսեղ Բեգլարյանն ասաց մատանին, ժամացույցը, տան ոսկեղենը պատկանում ա ինձ, քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել։ Հրայր Հովսեփյանը, որը ներկա էր խոսակցությանը, ինձ ուղիղ հարց տվեց, թե երբ եմ գույքս փոխարինելու իր անունով, երբ ես հարց տվեցի, թե ինչ կապ ունի վնասը իմ գույքի հետ, Բարսեղ Բեգլարյանը Հրայրին գլխով նշան տվեց։ Բեգլարյանը մեզ ասել էր, որ Հրայր Հովսեփյանը գժի թուղթ ունի, որ մեզ խփի՝ դատ չի հասնում։ Հրայրը խփեց ինձ գցեց գետնին ու ասաց՝ տես ոնց ես տունդ փոխում իմ անունով»,- պատմեց տուժողը։ Արման Մկրտումյանն ասաց, որ ճարահատյալ բանկից 20 հազար դոլար վարկ է վերցրել, որպեսզի կարողանա ընկերությանը հասցրած վնասը վճարել, բայց պնդեց, որ վնասի հետ ինքն առնչություն չի ունեցել, որը հետագայում ապացուցվել է։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝  Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Լիլիթ Շաբոյան